Բացել լրահոսը Փակել լրահոսը
հհ, ռդ, ադրբեջանի դատախազ
A A
Պաշտոնական

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են

ՌԴ գլխավոր դատախազի նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի մասնակցությամբ: Հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

          Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ռուս գործընկերոջը նման ձևաչափով հանդիպում նախաձեռնելու նպատակով ներդրած ջանքերի համար և հույս հայտնել, որ այս հանդիպումը հնարավորություն կտա արձանագրելու կոնկրետ արդյունքներ, կծառայի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ հումանիտար պահանջների լիարժեք կատարմանը:

          Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի համար առաջնահերթություն են եռակողմ հայտարարությամբ ամրագրված մարդասիրական պահանջների կատարումը, մինչդեռ դրանք Ադրբեջանի կողմից մինչ օրս լիարժեք կատարված չեն: Այս համատեքստում Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունն ամբողջությամբ կատարել է 8-րդ կետի՝ «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ամրագրող պահանջները: «Հայտարարության ստորագրումից երկու տարի անց Ադրբեջանի Հանրապետությունում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Ադրբեջանի այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը», - շեշտել է Աննա Վարդապետյանը:

          Հանդիպման ընթացքում Հայաստանի գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձ է կատարել նաև երեք երկրների գլխավոր դատախազների մասնակցությամբ այս ձևաչափով տեղի ունեցած նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Հայաստանը կատարել է բոլոր պայմանավորվածությունները:

          Աննա Վարդապետյանը կրկին շնորհակալություն է հայտնել ՌԳ գլխավոր դատախազին և շեշտել, որ Հայաստանն ակնկալում է եռակողմ հայտարարության 8-րդ կետի կատարման կապակցությամբ կոնկրետ արդյունքներ: