Ինչքան համեստ գումար ծախսվի և որքան բարեգործները առատաձեռն լինեն, այնքան լավ․ Մարինե Ալես
Աջակցիր «Ա1+»-ինԱրամ Խաչատրյանի տուն–թանգարանի դահլիճում կայացավ երգահան, թատերագետ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ստեղծագործական խորհրդի նախագահ Մարինե Ալեսի «Երգեր և ռոմանսներ» համերգի և համանուն ժողովածուի շնորհանդեսը։
Մարինե Ալեսը հանդիպման ժամանակ նշեց, որ ժողովածուի գաղափարը ծնվել է «Լույսի օրոր» երգից, որն, ի դեպ, նվիրել է իր թոռնուհուն։ Գաղափարի իրականացմանը խանգարեց սկզբում քովիդը, հետո սկսվեց 44-օրյա պատերազմը, ու, նրա խոսքով, երգերի ժամանակը չէր:
«Երբ պատերազմն ավարտվեց, հասկացա, որ յուրաքանչյուրը պետք է անի այն, ինչ կարող է, և ոչ թե հուսահատ նստի։ Որոշեցի իրականացնել ժողովածուի գաղափարը, իսկ վաճառքից գոյացած հասույթը ուղղել բարեգործական ծրագրերի»,-ընդգծեց նա:
Նվիրում, Սեր, Հույս. երեք բաժին, 21 երգ՝ յոթական երգ յուրաքանչյուր բաժնում։
«Աշխարհում կան շատ գեղեցիկ, մեծ, շքեղ քաղաքներ։ Սակայն Երևանը ինձ համար յուրահատուկ քաղաք է, իմ քաղաքն է, և եթե այս ժողովածուից գոնե մի քանի երգ ապրի Երևանում, դա ինձ համար մեծ նվեր կլինի»,- ասում է երգահանը, ով մոտ 300 երգերի՝ երաժշտության ու տեքստերի հեղինակ է։ Մարինե Ալեսի երգերը կատարում են Հայաստանի հայտնի երգիչ–երգչուհիները, սակայն այս անգամ նրա երգերը հնչեցին Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ուսանողների և դասախոսների կատարմամբ։ Կատարվեցին նաև երգերի պրեմիերաներ՝ մասնավորապես «Լույսի օրորը»։
«Ա1+»–ի հարցին, թե արդյո՞ք ճիշտ է ընկալումը, որ դաշնամուրի ուղեկցությամբ և ավելի դասական կատարմամբ երգերը այլ նրբերանգ ու հնչողություն են ստացել և կարծես շարունակում են քաղաքային ռոմանսի ավանդույթները, Մարինե Ալեսը պատասխանեց․ «Այո, ճիշտ եք, երգի ու ռոմանսի համադրում կարելի է ասել, ինչու ոչ, նաև քաղաքային ռոմանս կոչել։ Սա, թերևս, գալիս է նրանից, որ կապված եմ եղել Թիֆլիսի հետ, իսկ այդ քաղաքը ուներ ինքնատիպ երաժշտական մշակույթ, քաղաքային ռոմանսի ժանրն էլ զարգացած էր։ Ինչ վերաբերում է կատարողներին, եթե կատարեին մեր հայտնի երգիչ–երգչուհիները, իհարկե երգերը այլ կերպ կհնչեին և այլ համերգ կլիներ։ Սակայն այս շնորհալի երիտասարդների համար սա ևս մի փոքր հնարավորություն է նրանց մասնագիտական կայացման գործում, որի համար ես անչափ ուրախ եմ»։
Բարեգործական համերգներ, նրա խոսքով, կարելի է կազմակերպել Արցախում , Տավուշում, այլ մարզերում, որտեղ այս երգերը կկատարեն արդեն տեղի տաղանդաշատ երիտասարդ երգիչները։
«Ես հաճույքով կգնամ ու կկազմակերպեմ համերգներ, որոնք ևս կարող են բարեգործական նպատակի ծառայել»,-ասաց Մարինե Ալեսը և հավելեց, որ, ի վերջո, կարևորը բարեգործական նպատակով շքեղ ու ծախսատար համերգ կազմակերպելը չէ՝ հակառակը, ինչքան համեստ գումար ծախսվի և որքան բարեգործները առատաձեռն լինեն, այնքան լավ։
«Ես երջանիկ կլինեմ, որ այս գումարները ուղղվեն երաժշտական հաստատությունների շնորհալի, սակայն անապահով երեխաների ուսման վարձավճարներին, և նրանց ծնողներն այդ խնդրի մասին չմտածեն»։
Ի դեպ, համերգին ներկա էր Մարինե Ալեսի եղբայրը՝ Ռուբեն Վարդանյանը կնոջ և որդու հետ։