Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Յուքոմ»-ին երկու մրցանակ շնորհվեց

Այսօր ինտերնետի թեստավորման ու վերլուծության համաշխարհային առաջատար Ookla ընկերությունը «Յուքոմ»-ին շնորհեց «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» Speedtest մրցանակները։

Ookla ընկերության վաճառքի տնօրեն Թոմ Օպաչիկի խոսքով, իրենք հիմնվել են 2022 թվականի առաջին և երկրորդ կիսամյակների ընթացքում Speedtest inteligence տվյալների վերլուծության վրա, հավաքագրել ու վերլուծել ավելի քան 750 հազար օգտատերերի կողմից իրականացված թեստավորման արդյունքները։ Նա ընդգծեց նաև, որ հաշվարկվում են միայն այն ցանցերի տվյալները, որոնց ծառայությունները հասանելի են զգալի թվով հաճախորդների երկրի տարածքում։

«Մենք Speedtest Awards մրցանակը շնորհում ենք բացառապես այն ցանցային օպերատորներին, որոնք շուկայում ապահովել են ինտերնետի բացառիկ կատարողականություն ու ծածկույթ»,- հայտնեց նա։

Թոմ Օպաչիկը մրցանակը հանձնեց  «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանին։

Վերջինս, իր խոսքում նշեց, որ մրցանակները «Յուքոմի» թիմի 1500 աշխատակիցներից յուրաքանչյուրի՝ մալուխ անցկացնողից մինչև զանգերի սպասարկման կենտրոնի մասնագետ, աշխատանքի գնահատականն է։

«Այս մրցանակները մեր համատեղ աշխատանքի լավագույն գնահատականն են և ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի ու ԱՊՀ երկրների մակարդակով»,- ընդգծեց պարոն Խաչատրյանը։

Նա նաև ներկայացրեց վերջին երկու տարվա կատարած աշխատանքներն ու ներամուծությունները։ Գլխավոր տնօրենի  խոսքով, վերջին երկու տարում «Յուքոմ»-ը եռապատկել է ֆիքսված լայնաշերտ ինտերնետի արագությունը 30 հազար բաժանորդների համար։ 2022-ի երկրորդ եռամսյակի դրությամբ ընկերությունը հասել է ֆիքսված լայնաշերտ կապի մասով բոլոր ժամանակների ամենաբարձր եկամտին և շուկայում ֆիքսված բաժանորդների ամենամեծ մասնաբաժնին։

«Այսօր մեր ծառայությունների պահանջարկը աննախադեպ է։ Մեզ հաջողվել է ապահովել ֆիքսված շուկայի մասնաբաժնի ամենաարագ աճը երեք ամենամեծ մրցակիցների համեմատությամբ։ Ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդների մոտավորապես կեսը օգտվում է Unity փաթեթներից, որոնք ներառում են անսահմանափակ շարժական ինտերնետ, 210+ ալիքներ և ամենաարագ տան ինտերնետը, որը տրամադրվում է նորագույն սերնդի Wi-Fi6 սարքերի միջոցով»,- ասաց պարոն Խաչատրյանն ու հավելեց՝  ինչ վերաբերում է շարժական կապին, ապա 2022-ի հունվարից- նոյեմբեր այլ օպերատորներից «Յուքոմ» են տեղափոխվել ռեկորդային թվով բաժանորդներ։

Ընկերության հաջողության  գրավականը, գլխավոր տնօրենի խոսքով, կոնվերգենտ օպերատոր լինելն է, երբ կարողանում ես բաժանորդին տալ բոլոր ծառայությունները միաժամանակ և մասնագիտորեն։