«Անմահ սիրո ասք» (տեսանյութ)
Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Հնդկաստանի ժամանակակից ժողովրդական Վարլի ոճի նկարչուհի Բաբիտա Բիսվասի ցուցահանդեսը, որը նախաձեռնել և իրականացվել է ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանության կողմից:
Եռանկյունի, շրջանակ, կետ ու գիծ: Ծառ ու կենդանի, մարդիկ, արև ու լուսին:
Պարզ ու գունեղ պատկերներ, որոնք հաղորդում են անմահ սիրո պատմությունն ու փառաբանում Կրիշնային:
Հնդկաստանի արևմուտքում ապրող Վարլի ցեղախմբի կանայք ծեծած բրնձին ջուր խառնելով, ծառերի ճյուղերն էլ որպես վրձին օգտագործելով` նկարազարդում էին իրենց կավից ու եղեգից կառուցված տնակները:
Ավելի քան 1000 տարվա Վարլի նկարչական արվեստը աշխարհին հայտնի դարձավ ընդամենը երեք տասնամյակ առաջ: Հայ արվեստասերներն էլ Վարլի ոճին ծանոթացան Բաբիտա Բիսվասի «Անմահ սիրո ասք» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսում:
42-ամյա նկարչուհին վարլի ժողորվրդական ոճում ստեղծագործում է 1990 թ.-ից, ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ, արժանացել մրցանակների:
Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 20-ը: