Եռաբլուրում երեք շիրիմ ավելացավ
Աջակցիր «Ա1+»-ինԵռաբլուրի մուտքի մոտ հավաքված հարյուրից անցնող մարդկանց լռությունը պայթեցնում է մոտեցող ավտոմեքենան,որում ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով նահատակված զինվորի մարմինն է։ Անզորությունից հեկեկացող երիտասարդ մայրը իր որդուն՝ Լավրենտիին է կանչում՝ չհասկանալով ինչպես 40 օր առաջ զինծառայության մեկնած 18-ամյա որդու կյանքն ավարտվեց։ Շտապօգնության աշխատակիցները չգիտեն՝ ում օգնություն ցուցաբերեն։ Ուշաթափված կանանց եւ աղջիկներին գրկած են տեղափոխում Եռաբլուրի տարածքից։
23-ամյա Գոռ Ասատրյանը ավագ սպա էր․ հարազատներն ասում են՝ վեց հոգով 40 հոգու դեմ են կռվել։ Հերոսացած տղայի «տունը» մայրը Եռաբլուրը չէր պատկերացնում։ Որդու հարսանիքը պիտի աներ, այնքան երազանքներ ուներ Գոռը․․․ Ոչինչ էլ չի մեղմի որդեկորույս ծնողների ցավը։
Հերոսներին հողին են հանձնում զինվորական կարգով․․․ Քահանան աղոթում է տղաների համար, պատվո պահակախումբը իր ուսերին է առնում տղաների մարմինները, օդում՝ երեք կրակոց։ Նրանց սխրանքը ներկայացնող տեքստեր չեն հնչում։
«Այսօր երեք երեխա հողին հանձնեցինք»,- հեռախոսով ասում է արարողությունը կազմակերպող զինվորականը։ Տղաներից մեկին կեսօրին էին հուղարկավորել։
Եռաբլուրում երեք նոր շիրիմ է ավելանում․․․
Պաշտոնապես հայտարարված 105 զոհերի անունները չեն հրապարակվել դեռ․․․
Լավրենտիի եւ Գոռի հուղարկավորությանը ոչ իշխանական, ոչ ընդդիմադիր ուժերի որեւէ հայտնի ներկայացուցիչ չմասնակցեց։