«Պետք է հատուկ կետ մտցնել այդ կապակցությամբ»
«Հայաստանի առաջնության արդյունքներից գոհ եմ, բոլոր գոտեմարտերն էլ անցան լարված պայքարում: Դա վկայում է այն մասին, որ մեր ըմբիշները լավ մարզավիճակում են գտնվում» - հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնության ավարտից հետո «Ա1+»-ի մարզական թղթակցին ասաց մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:
Ըստ մասնագետի` առաջնությունը ի հայտ բերեց մի քանի նոր երիտասարդ ըմբիշների, որոնք լավ հեռանկար ունեն: «Հատկապես լավ տպավորություն թողեց 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, որը արդեն երիտասարդ տարիքում նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը»:
Խոսելով առաջնության ժամանակ մարզիչների եւ մրցավարների միջեւ հաճախ ծագող տարաձայնությունների մասին` Լեւոն Ջուլֆալակյանը ասաց. «Միջազգային մրցումների ժամանակ եթե մարզիչը միջամտում է մրցավարների գործողություններին, ապա անմիջապես հեռացվում է, իսկ նրա երկրի ֆեդերացիան տուգանվում 5000 դոլարով: Մեր մոտ նման արարքի համար որեւէ պատիժ չի սահմանված: Կարծում եմ, որ ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիան առաջնության մրցակարգի մեջ պետք է հատուկ կետ մտցնի այդ կապակցությամբ»:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը փետրվարին կմասնակցի երկու մրջազգային մրցումների: Թիմի մի մասը հանդես կգա Մինսկում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկությանը, իսկ մյուսները ելույթ կունենան Սլովենիայում տեղի ունեցող ներկայացուցչական մրցաշարում: Դրանց պատրաստվելու համար մեր ըմբիշները փետրվարի սկզբին ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երեւանում:
«Այս տարվա մեր գլխավոր նպատակն է հաջող հանդես գալ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Առաջինը տեղի կունենա Գերմանիայում, մարտի 28-ից մինչեւ ապրիլի 3-ը, իսկ երկրորդը` Թուրքիայում, սեպտեմբերին: Վերջինս նաեւ օլիմպիական խաղերի վարկանիշ է տալիս»,-ասաց նա: