Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց.29-ը հունիսի. այս օրը անհայտ կորած համարվեցին հայկական զինված կազմավորումների 79 մարտիկ (տեսանյութ)

Հունիսի 29-ը նշվում է որպես անհայտ կորածների օր։ 1992-ի այս օրը Մարտակերտի Հասան Ղայա գյուղի ուղղությամբ պաշտպանական մարտերից հետո անհայտ կորած համարվեցին հայկական զինված կազմավորումների 79 մարտիկ։

Արդեն 2 տարի չաշխատող ավտոդողերի գործարանի աշխատակիցները 1998-ի հունիսի 29-ին աշխատանք եւ աշխատավարձ էին պահանջում։ 1999-ի հունիսի 29-ին, կյանքի 67-րդ տարում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացավ Ամենայն հայոց 131-րդ հայրապետ Գարեգին առաջինը, որը ընտրվել էր 1995-ի ապրիլի 4-ի ազգային-եկեղեցական ժողովում, իսկ մինչ այդ՝ 1983-94 թվականներին եղել էր մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս։

Արտաշես Գեղամյանի պնդմանը, թե իրականում հարկերը 40 տոկոսով են հավաքագրվում, պետեկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը հակադարձում է, թե Գեղամյանի ասածներն են միայն 40 տոկոսով համապատասխանում իրականությանը։ Մանուկյանը հավելում է, թե դեռ Սովետական Միության օրոք Գեղամյանի ղեկավարած ոլորտում ծաղկում էր կաշառակերությունը։ Գեղամյանի թասիբին կանգնեց իր տեղակալը։

«Հայաստանում կարելի է ինտերնետն արագացնել տասն անգամ»,- 2001-ի այս օրը հայտարարում էր ՆԱՏՕ-ի գիտական ծրագրերի ղեկավարը։ ՆԱՏՕ-ի խորհրդակցական գիտական կոնֆերանսում առաջարկվում էր Հարավային Կովկասի գիտակրթական հաստատությունները միավորել արբանյակային ցանցի միջոցով։

Հայ իրավապաշտպանների համար սառը ցնցուղ էր «Ա1+»-ի գործը փակելու վերաբերյալ Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի որոշումը։