Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հանրապետության հրապարակից 10 կմ հեռու՝ ինչպես հեռավոր, մոռացված գյուղում (տեսանյութ)

Ամենակարևոր խնդիրը խմելու ջուրն է, որ մենք պիտի ամբողջ օրը ջուր ունենանք, բայց ունենում ենք մի քանի ժամ։ Տիկին Շուշանիկը Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն թաղամասի  բնակիչներից մեկն է, ով ամառվա սկզբից բախվել է ջուր չլինելու խնդրին։

« «Վեոլիա ջուր» ընկերության հետ ունենք պայմանագիր, որ պետք է ունենանք 17 ժամյա ջրամատակարարում։ Մենք այդ ջրամատակարարումը չունենք»,- ասում է բնակիչներից Աշխեն Ղազարյանը։

Տիկին Շուշանիկի պատմելով՝ նախ ջուրը գալիս է կեղտոտ, համը լրիվ փոխել է․ «Երեխեքին ասում եմ ջուրը բաց թողեք, թող մի քիչ գնա, հետո նոր խմեք։ Բացում ենք մի կես ժամ էլ գնում է, նախ՝ օդ ա շատ, ահավոր օդ ա, մի ժամ խողովակից օդ ա դուրս գալիս»։

Համայնքն ունի ոչ թե մի խնդիր, այլ բազմաթիվ խնդիրներ։ Համայնքի հարյուրավոր երեխաներ զրկված են մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից։ Երկհարկանի մանկապարտեզ կառուցելու նպատակով տարիներ առաջ շենքը կիսաքանդ են արել։

Բնակիչները հույս էլ չունեն, որ կվերսկսեն շինաշխատանքները։ Տիկին Տանյայի ընտանիքում բոլորն աշխատում են, չգիտեն՝ երեխաներին ո՞ւմ մոտ թողնեն։ Երևանի քաղաքապետարան դիմած Աշխեն Ղազարյանին ասել են, որ մարտի 20-ից կվերսկսեն շինարարական աշխատանքները, բայց հարցը դեռ առկախված է, իսկ խնդիրների վերջը չի երևում։

Աշխեն Ղազարյանն ասում է, որ բազմիցս դիմել է պատասխանատուներին, բայց դիմումները մնացել են անարձագանք։ Բնակիչները պատմում են, որ ջրի որակի ստուգման նպատակով մի քանի անգամ եկել են, նմուշառում են արել և պատասխանել են՝ ամեն ինչ նորմալ է։

Բնակիչները կասկածները, սակայն, չեն փարատվում։ Ջրաշենցիներին հուզող մյուս հարցն էլ ոռոգման ջրի խնդիրն է։ Ջրաշենցիները հույս ունեն, որ գոնե այս ահազանգից հետո պատկան մարմինները տեղից կշարժվեն։ Մանրամասները՝ տեսանյութում։