Եթե դրամը արժևորվել է, ինչո՞ւ գները չեն իջնում․ հարց ԿԲ-ին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին անդրադարձավ վերջին օրերին նկատելի դարձած տարադրամի արժեզրկմանը։
Նա մասնավորապես պատասխանեց այն հարցին թե ի՞նչ մեխանիզմներ է կիրառվում այս պահին իրավիճակը զսպելու համար և ինչու՞ դրամի արժևորման պայմաններում գնաճը չի կանգնել։
Գալստյանի խոսքով՝ մայիսին գնաճը կազմել է 9 տոկոս, որը, ըստ նրա, չափազանց բարձր թիվ է։ Նա ընդգծեց, որ հարևան երկրներում գնաճի ցուցանիշը շատ ավելի բարձր է։
«Սպառողական գների ինդեքսի 9 տոկոս աճը ենթադրում է, որ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը շատ ավելի բարձր է»,-ասաց նա։
Կենտրոնական բանկի նախագահի խոսքով, փոխարժեքի ձևավորման վրա Կենտրոնական բանկը ազդեցություն չունի։ Նա նշեց, որ կառույցը ոչ թե արտարժույթ վաճառողն է, այլ՝ ձեռքբերողը։
«Տարվա ընթացքում մոտավորապես 100 միլիոն դոլարին համարժեք արտարժույթ ենք ձեռք բերել շուկայից»,-ասաց նա։
Նա եզրահանգում արեց․ «Հիմա հորդորը Կենտրոնական բանկին այն է, որ ԿԲ-ն արհեստականորեն մտնի շուկա, միջամտի և արժեզրկի ազգային արժույթը»։
Գալստյանը նշեց, որ այդ գործողության արդյունքում կշահեն արտահանողները, բայց դրա համար ստիպված կլինի վճարել լայն հասարակությունը։
«Եթե փոխարժեքը այսօր պայմանականորեն լինի այսօրվա փոխարժեքից որոշակի բարձր, մենք կունենանք գնաճի շատ ավելի բարձր մակարդակ»,-ասաց ԿԲ նախագահը: