Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ երկու երկրները բարձր մակարդակի հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են թե' ավանդույթի եւ թե' ներկա իրողությունների վրա:

ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման գործում առանձնակի կարեւորություն ունի միջխորհրդարանական համագործակցությունը, որին որակական նոր մակարդակ են հաղորդում փոխայցերը:

Դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, կարեւորելով հայ-իրանական հարաբերությունների բազմադարյա պատմությունը, նշել է, որ դրանք պետք է զարգացնել, այդ թվում` միջխորհրդարանական հարթակներում:

Դեսպանն ընդգծել է երկու երկրների խորհրդարանների հանձնաժողովների միջեւ համագործակցության անհրաժեշտությունը:

ԱԺ փոխնախագահը դեսպանի խնդրանքով մանրամասներ է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ` ընդգծելով ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները:

Խորհրդարանի փոխխոսնակը բարձր է գնահատել Հայաստանի տարածքային ամբողջականության ու սահմանների անձեռնմխելիության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը:

Կողմերն անդրադարձել են նաեւ «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման կարեւորությանը: