Քոչարյանի ու Սարգսյանի ականջները շատ մեծ են, ու երևում է՝ իրենք են կանգնած պայքարի ետևում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր խորհրդարանի ամբիոնից հարցնում էր՝ ինչո՞ւ է Հայաստանում միշտ հեղափոխություն, հեղաշրջում, պալատական հեղաշրջում, իշխանության ուզուրպացիա, իշխանազավթում։
Հարցնում է ու ինքն էլ պատասխանում․ «Որովհետև տարիներ առաջ խախտվեց ՀՀ քաղաքացիների ընտրելու իրավունքը, և այդ ժամանակվա իշխանությունները, ըստ էության, խլեցին իշխանությունը ՀՀ ժողովրդից»։
Ըստ իշխանական պատգամավորի՝ ժողովուրդը կարողացավ 2018 թվականին մերժել այդ արատավոր պրակտիկան, մերժել համակարգը, մերժել արմատացած մարդկանց, ովքեր միլիարդների կապիտալ ունեին, և ժողովուրդը ձևավորեց ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու համակարգ։
«Մեր այսօրվա ընդդիմությունը, որն այն ժամանակ մերժվեց ժողովրդի կողմից, այսօր դուրս է եկել փողոց և ոչ մի կերպ չի հարմարվում այն իրավիճակին, որ 2018 թվականին ժողովուրդը հաստատեց, որ ժողովուրդն է ձևավորում իշխանություն»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը և նշեց, որ այլևս Հայաստանում չի լինելու հեղափոխություն կամ հեղաշրջում, քանի որ ժողովրդի կամարտահայտման միջոցով է ձևավորվել այսօրվա իշխանությունը։
ՔՊ-ական պատգամավորն ասաց, որ առաջին անգամ տեսնում ենք, որ ընդդիմության գործողություններին երկրորդ և երրորդ նախագահները՝ որպես գլխավոր դերակատարներ, գոյություն չունեն։
«Նրանք հանդես չեն գալիս որպես գլխավոր խոսափողներ։ Նրանք հասկացել են ժողովրդի իրական գնահատականը։ Ինչքան էլ փոխվեն դերակատարները, հստակ երևում է, որովհետև իրենց ականջները շատ մեծ են և հստակ երևում է՝ ովքեր են կանգնած այդ պայքարի հետևում։ Եվ ինչքան էլ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ելույթներ չունենան, այդպես չէ»,- ասաց Վաղարշակ Հակոբյանը՝ նշելով, որ այս պայքարը Արցախի և նույնիսկ Հայաստանի հետ կապ չունի, այլ իշխանությունը զավթելու և սեփական շահերը առաջ տանելու։
Մանրամասները՝ տեսանյութում։