«Հարցը հետևյալն է՝ արդյոք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման դիրքեր»․ Աղաջանյան
Աջակցիր «Ա1+»-ին«Երբ ասում են, որ այն, ինչ տեղի է ունեցել տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության տակ գտնվող տարածքի ներքո է, դա իմ գնահատականը չէ, դա իրողություն է, որը հաստատված է համապատասխան հայտարարության տեսքով, որի համահեղինակ է նաև ռուսական կողմը ամենաբարձր մակարդակով»․ նշեց ԱԺ Արտաքաին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մամուլիս ասուլիսի ժամանակ։
Ըստ պատգամավորի՝ հայկական կողմը միշտ գործընկերային է եղել Ռուսաստանի հետ բոլոր մակարդակներում և հատկապես Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում և Ռուսաստանը հանդիսանում է ՀՀ-ի և տվյալ տարածքում հայ բնակչության անվտանգության երաշխավոր․ «Հայ հասարակության մոտ հարցեր են առաջանում, թե ինչու չի արդարացվում այն սպասելիքները, որոնք որ ակնկալում է պաշտոնական մակարդակում հայկական կողմը»։
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ իրենց համար հարցը հետևյալն է․ «Արդյոք ռուսական կողմը պահանջում է ադրբեջանական կողմից վերադառնալ ելման դիրքեր»։
«Այստեղ մեր հիմնական հարցը և աշխատանքը տվյալ պարագայում մեր ռուս գործընկերների հետ է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ պայմաններում է տեղի ունեցել այս առաջխաղացումը, որովհետև փաստացի առաջխաղացման հետևանքով ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում, այսինքն՝ շրջանցել են նրանց: Կրկնում են, որ սա, համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան դրույթի, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և, հետևաբար, մեր ակնկալիքն է ստանալ հստակ պատասխաններ մեր ռուս գործընկերներից, թե ինչի արդյունքում է տեղի ունեցել սա: Մենք ակնկալում ենք, որ ամենասեղմ ժամկետներում այս խնդիրը կվերացվի և ադրբեջանական զինված ուժերը կվերադառնան այն ելման դիրքերից, որտեղից այդ առաջխաղացումը տեղի է ունեցել»,- ասաց Աղաջանյանը: