Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանը, ամսի 21-ին փակելով գազի փականը, հաստատել է, որ ինքն է հեղինակել ամսի 7-ի պայթյունը․ Փաշինյան (տեսանյութ)

Արդեն երեք օր է՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից։

 

Գործադիրի այսօրվա նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտելով՝ «սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում»։

 

Նիկոլ Փաշինյանը ներկաներին հիշեցրեց, որ մարտի 7-ին գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում։

 

«Ամեանատարբեր պատրվակներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը, և ի վերջո ինքը նորոգեց։ Արդյունքում՝ մեր տեղեկություններով գազատարի վրա փական է տեղադրվել»,- արձանագրեց ՀՀ վարչապետը և հավելեց․ «Չորս օր անց՝ մարտի 21-ին՝ առանց պայթյունների պարզապես փակել է գազատարի փականը, այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել նաև մարտի 7-ի պայթյունը»։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առանձնակի ուշադրության է արժանի փաստը, որ գազամատարարման երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում։

 

«Ահա այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար կենսական նշանակություն ունեցող բնական գազի մատակարարումներից»,- ընդգծեց ՀՀ վարչապետը և շեշտեց՝ « Սա բավարար է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների արդյունքում Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին։ Չեմ կասկածում, իհարկե,որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը նույնպես»։

 

ՀՀ վարչապետը այս գիտակցմամբ արձանագրում է, որ Ադրբեջանը իր գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին և պարզաբանում․ «Գազատարի հետ կապված այս դրվագը միջազգային հանրության համար շատ դիպուկ և համառոտ նկարագրություն է Արցախի հիմնախնդրի»։

 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս դրվագի շնորհիվ միջազգային հանրությունը կարող է հասկանալ Ղարաբաղի հիմնահարցի էությունը՝ առանց հարյուրավոր էջեր թերթելու, պատմության նրբություններն ուսումնասիրելու։

 

«Սա անառարկելի ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ։ Այն է՝ անհնար դարձնել նրանց ապրելը սեփական հայրենիքում։ Ադրբեջանը արդեն 1,5 տարի է թմբկահարում է, թե փառահեղ հաղթանակ է տարել 2020 թվականի 44-օրյա պատերազմում։ Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ այն փաստը, որ այսքան տառապանքներից ու զրկանքներից հետո Արցախում հենց այսօր, հենց այս պահին շուրջ 117 հազար հայ է ապրում, Ադրբեջանը համարում է իր ամենամեծ պարտությունը։ Եվ խնդիր է դրված ամեն ինչ անել էթնիկ զտումների քաղաքականությունը ավարտին հասցնելու համար»,- նշեց ՀՀ վարչապետը։

 

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որտեղ ասված էր, թե «Արցախում գազի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է»։

 

«Նման բան տեղի ունենալ չի կարող։ Եվ ՀՀ դիվանագիտական ծառայությունը և մյուս պաշտոնյաները, քաղաքական ուժերը, լրատվամիջւոցներն ու հասարակական կազմակերպությունները, անհատները՝ սոցիալական ցանցերի միջոցով Արցախում վերջին 15 օրերում տեղի ունեցածը պետք է լայնորեն ուսումնասիրեն ու ներկայացնեն միջազգային հանրությանը՝ բոլոր ատյաններում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։