Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Թող վախենան, ամեն ինչ անելու ենք․ Կարեն Անդրեասյան (տեսանյութ)

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ արդարադատության նախարար, սահմանադրական բարեփոխումների նախագահ Կարեն Անդրեասյանը պատասխանեց ինչպես սահմանադրական բարեփոխումներին, այնպես էլ քաղաքականությանը վերաբերող հարցերի։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե խորհրդի նիստում քաղաքական հարցեր քննարկվեցին, նախարար Անդրեասյանն ասաց, որ խորհուրդը քաղաքական մարմին է, և շատ բնական է, որ քաղաքական հարցեր էլ կքննարկվեն։ Նախարարն իր խոսքում նշեց, որ ի սկզբանե խորհրդի նիստերին պետք է մասնակցեին խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները և քաղաքական հարցեր հնչեցնեին, բայց, ինչպես նախորդ անգամ, այսօր էլ ընդդիմությունից մարդ չկար։

Նշենք՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստից բացակայում էին ՄԻ պաշտպան Արման Թաթոյանն  ու Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ա1+»-ի հարցին՝ արդյո՞ք խորհրդի անդամների բացակայությունը չի խոչընդոտում նիստի աշխատանքներին՝ հաշվի առնելով քվեարկության հանգամանքը, արդարադատության նախարարաը պարզաբանեց․

«Ոչ, որովհետև քվորում է համարվում, եթե կա մեծամասնությունը։ Այնտեղ էլ պարզ մեծամասնությամբ որոշումներ են։ Այս դեպքում նույնիսկ 2/3-ն էր ներկա։ Նույնիսկ մեծամասնության հարց չէր և քվեարկությունների մեծ մասն անցավ միաձայն․ թեև ունեցանք շատ կտրված քվեարկություն՝ 5-ը 4-ի դեմ, բայց այդտեղ էլ մեր որոշումները լեգիտիմ էին»,- ասաց խորհդրի նախագահ Կարեն Անդրեասյանը։

Նախարարն իր խոսքում նաև շեշտեց, որ ոչ մեկին չի հաջողվելու ճնշել արդարադատության նախարարությանը իր շատ արդար կարգապահական վարույթները առաջ տանելուն։

«Իսկ որոշ ընդդիմադիր գործիչներ էլ, որ դարձել են արդար դատավորների մեծ պաշտպաններ՝ մոռանալով իրենց քաղաքական թիմի ժամանակ ինչեր են արել այդ դատական համակարգի գլխին, թող գոնե ամոթ ունեն և նորմալ աշխատանքը չվարկաբեկեն, իսկ եթե վախենում են, որ իրենց գրպանային դատավորները դուրս կմնան համակարգից, թող իսկապես վախենան, որովհետև այդ ուղղությամբ մենք ամեն ինչ անելու ենք»,- եզրափակելով խոսքն՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։

Հիշեցնենք՝ այսօր տեղի է ունենում Սահմանադրական բարեփոխումների խորհրդի երկրորդ նիստը։ Մանրամասները՝ տեսանյութում։