Տյառնընդառաջի տոնին Սբ․ Գայանե վանքում մատուցվեց պատարագ
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 14-ին 40-օրյա մանուկ Հիսուս Քրիստոսի տաճարին ընծայման տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սուրբ Գայանե վանքում մատուցվեց Սուրբ Պատարագ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Սուրբ Պատարագի իր քարոզում Հայր Սուրբն, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար կարևորեց հույսի խորհուրդը, որով Սիմեոն Ծերունին երեք հարյուր և ավելի տարիներ սպասում էր Փրկչին տեսնելուն՝ հորդորելով հավատացյալներին նույն հույսով իրենց հայացքներն անշեղորեն ուղղել առ Աստված:
Աղոթք վերառաքելով առ Աստված՝ Հայր Սուրբը մաղթեց հավատավոր ժողովրդին, որ Սիմեոն Ծերունու հույսը յուրաքանչյուրի սրտում պտղաբերի, մշտապես լինեն խաղաղության մեջ և մի օր երանությունն ունենան ասելու՝ «․․․․իմ աչքերը տեսան քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ» (Ղուկ․ Բ 30-31):
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, կատարվեց նորապսակ զույգերի օրհնության կարգ: