«Դիրիժորին պետք է գնահատել ու փայփայել»․Արամ Ղարաբեկյանի հիշատակին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2014 թվականի հունվարի 10-ին, կյանքի 59-րդ տարում հանկարծամահ եղավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, դիրիժոր Արամ Ղարաբեկյանը՝ ինքնատիպ ու տաղանդաշատ, ստեղծագործական սկզբունքների համար պայքարող արվեստագետը։
«Այն, ինչն արդարացի է՝ ուժեղ է, այն, ինչ ուժեղ է՝ արդարացի»,- հաճախ կրկնում էր մաեստրոն։
1996թ. ապրիլի 4-ին թողնելով Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնը, եկավ Հայաստան՝ պաշտոնական հրավերով: Եկավ վերակազմավորելու Հայաստանի պետական կամերային նվագախումբը։ նոր շունչ բերելու, նոր էջ բացելու: Կարճ ժամանակ անց, նվագախումբը սկսեց ելույթներ ունենալ աշխարհի հռչակավոր բեմերում: Բայց, ցավոք, մաեստրոն ստիպված եղավ հոգու խռովմունքով հեռանալ նվագախմբից ու հայրենիքից…
Սվետլանա Նավասարդյանի բնորոշմամբ, Արամ Ղարաբեկյանի հետ Հայաստան եկավ էլեգանտ արտիստի կերպարը, եկավ բեմական պահվածքի բարձր կուլտուրան, համերգների կազմակերպման բարձրաճաշակ ոճը և այն ամենը, ինչը պրոֆեսիոնալ հմտության և ներշնչված կատարումների հետ մեկտեղ տոնի էր վերածում իր յուրաքանչյուր համերգը: Թե համաշխարհային ճանաչման, թե ստեղծագործական աննախադեպ թռիչքի առումով, նվագախմբի ղարաբեկյանական ժամանակաշրջանը, կարելի է ասել, նվագախմբի «ոսկե դարը» եղավ…