Բացել լրահոսը Փակել լրահոսը
grigor_ericyan
A A
Քաղաքականություն

Հայկ Մարությանին աջակցող ավագանու անդամը լիազորությունները վայր է դնում

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը, ով նախօրեին իր աջակցությունն էր հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին, հայտարարել է, որ վայր է դնում լիազորությունները։ Իր ֆեյսբուքյան էջում նա գրել է․

«Սիրելի երևանցիներ, Ելնելով ստեղծված իրավիճակից՝ որոշում եմ կայացրել դադարեցնել Երևանի ավագանու անդամի իմ լիազորությունները: Իմ սկզբունքային անհամաձայնությունն եմ հայտնում ավագանու «Իմ քայլը» խմբակցության՝ Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

Անկախ ներթիմային տարաձայնություններից՝ վերջին 3 տարիների ընթացքում հեղինակել եմ մի շարք համայնքային օրենսդրական նախագծեր, իմ ներդրումն եմ ունեցել քաղաքի համար առանցքային բարեփոխումների իրականացմանը, փորձել եմ երևանցիների ձայնը լսելի դարձնել քաղաքային տնտեսությանը վերաբերող որոշումների կայացման գործընթացներում:

Ամենակարևորը՝ հավատարիմ եմ մնացել սկզբունքներիս և 2018-ի հեղափոխության արժեքներին: Շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին մայրաքաղաքի նկատմամբ հոգատարության, համատեղ աշխատանքի և հայաստանյան քաղաքական մշակույթին այդքան խորթ ազնվության և սկզբունքայնության համար:

Շնորհակալ եմ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և ավագանու անդամներին միասին անցած բարդ ճանապարհի համար»:

Նշենք, որ 2 օր առաջ՝ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետին անվստահություն հայտնելու գործընթաց էր սկսել, ինչին սակայն չեն միացել ավագանու անդամներ «Իմ քայլը» խմբակցությունից Վահե Գևորգյանը, Գրիգոր Երիցյանը,  Իզաբելլա Աբգարյանը։