Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը դրվել է ցուցադրության

Այսօր «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում բացվել է «Մեծամորի ոսկին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած «Հողի գաղտնիքը» խորագրով ցուցադրությունների շրջանակում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

«Մեծամորի ոսկին» խորագրով ցուցադրության մեջ ներկայացված է Հայաստանի հնագիտական ոսկու ամենամեծ հավաքածուներից մեկը՝ հայտնաբերված 1960-ական թվականներից մինչ օրս պարբերաբար իրականացվող պեղումների արդյունքում։ Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը, Ալֆրեդ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Տեղեկացնենք, որ հավաքածուի մեջ կան ոսկու թիթեղից պատրաստված կախիկներ, ուլունքահատիկներ, զարդակոճակներ, վզնոցներ, ճարմանդներ, ճակատակալներ և այլն։ Ոսկու սրահում ցուցադրվում են նաև ագաթից, սարդիոնից, սարդոնիքսից, սաթից պատրաստված թանգարանային առարկաներ։ Առանձնահատուկ է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկին, որը 1,5 պտույտով հերազարդ է։