Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երկու հայ` ռուսական թիմում

Սպորտ
b0e343eccb015cea6301430a164e0090

Հայաստանի բռնցքամարտիկներ Սամվել Մաթեւոսյանը եւ Արթուր Խաչատրյանը ընդգրկվել են Ռուսաստանի «Կրեմլյովսկիե Մեդվեդի» թիմի կազմում եւ կմասնակցեն 2012 թվականի օլիմպիական խաղերի որակավորման նոր մրցաշարին: Վերջինս կմեկնարկի նոյեմբերի 20-ին, «Կրեմլյովսկիե Մեդվեդի» - «Իստամբուլս» (Թուրքիա) հանդիպումով:

Մրցաշարին կմասնակցեն նաեւ Ֆրանսիայի «Փարիզ Յունայթեդ» եւ Իտալիայի «Միլանո Տանդեր» թիմերը: Եզրափակիչը տեղի կունենա 2011 թվականի մայիսի 27-28-ին: Յուրաքանչյուր քաշային կարգի հաղթողը, իսկ դրանք հինգն են (մինչեւ 54, 61, 73, 85 եւ 91+ կգ), իրավունք կստանա մասնակցելու Լոնդոնի օլիմպիական խաղերին: Նշենք, որ մրացամարտերը բաղկացած կլինեն 5 ռաունդից, իսկ միավորները կհաշվարկեն այնպես, ինչպես ընդունված է պրոֆեսիոնալ մարտերի ժամանակ:

Այս նոր մրցաշարի գաղափարը տվել է սիրողական բռնցքամարտի միջազգային միության նախագահ Չունգ Կուո Վուն: Նա այս եղանակով ցանկանում է մեծացնել սիրողական բռնցքամարտի վարկանիշը եւ մրցակցել պրոֆեսիոնալների հետ:

Նշենք, որ «Կրեմլյովսկիե Մեդվեդի» թիմի 20 բռնցքամարտիկները, այդ թվում Սամվել Մաթեւոսյանն ու Արթուր Խաչատրյանը, ամսական կստանան 2 հազարական դոլար աշխատավարձ, իսկ ուղեգիր ձեռք բերելու դեպքում կպարգեւատրվեն 150 հազարով: