Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դունյա Միյատովիչ
A A
Քաղաքականություն

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը հուշագրով դիմում է Հայաստանին եւ Ադրբեջանին (տեսանյութ)

2020 թվականին Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին վերջ տված եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ տարի անց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը  հրապարակել է հուշագիր՝  մարդու իրավունքների վիճակի և հակամարտության մարդասիրական հետևանքների վերաբերյալ՝ ձևակերպելով ութ առաջարկություններ՝  մարդու իրավունքների պաշտպանության հրատապ  գործողությունների համար:

Հանձնակատարը նշում է, որ հակամարտությունից տուժած տարածքներ հասանելիությունը մնում է ծայրահեղ սահմանափակ մարդասիրական օգնություն տրամադրող  կազմակերպությունների, ինչպես նաև մարդու իրավունքների մոնիտորինգ իրականացնող առաքելությունների առաջ։  Հանձնակատարը կոչ է անում իշխանությունների ներկայացուցիչներին մշակել արդյունավետ և ճկուն պայմաններ մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունների համար՝ բոլոր նրանց համար, ովքեր մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության հրատապ կարիք ունեն:

2020 թվականի մարտական գործողությունները ստիպեցին տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր ապրում էին հակամարտության գոտում կամ մոտակայքում, լքել իրենց տները՝ ավելացնելով 1990-ականներին հակամարտությունից տեղահանվածների շարքերը:

«Յուրաքանչյուր ոք, ով տեղահանվել է հակամարտությունից և ներկայումս բնակվում է Հայաստանում կամ Ադրբեջանում, այդ թվում՝ հակամարտությունից տուժած տարածքներում, չպետք է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստիպված լինի վերադառնալ  նախկին տները», - ասել է հանձնակատարը։ Նա շեշտում է, որ վերադարձը պետք է լինի կամավոր և պետք է իրականացվի ապահով և արժանապատիվ պայմաններում։ Վերադարձող թեկնածուներին պետք է տրամադրվի հավաստի տեղեկատվություն՝ իրազեկված որոշում կայացնելու համար:

Հանձնակատարը,որը նաև տեղյակ է տարածաշրջանում ականների և պատերազմի այլ պայթուցիկ զինատեսակների բարձր կոնցենտրացիայի մասին, խորը ափսոսանք է  հայտնում, որ դրանք շարունակում են սպանել և լրջորեն վիրավորել բազմաթիվ մարդկանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց ռազմական գործողությունների ավարտից հետո։ 

Նա խրախուսում է կողմերին համագործակցել և տվյալների փոխանակում կատարել՝ հեշտացնելու ականզերծման գործընթացը: Հանձնակատարը նաև կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին վավերացնել՝ սովորական սպառազինության օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան  և հարակից արձանագրությունները:

Հանձնակատարը նշում է, որ ռազմագերիների, մասնավորապես Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը վիճելի է և սրում է առանց այն էլ լարված հարաբերությունները՝ երկու երկրների միջև։ Հետևաբար, հրամայական է ապահովել, որ բոլոր՝ դեռևս գերության մեջ գտնվողները ստանան միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենսդրությամբ երաշխավորված պաշտպանությունը, ինչպես նաև դյուրացվի նրանց ազատ արձակումն ու վերադարձը:

 «Շատ ընտանիքներ դեռ կրում են հակամարտության հետևանքների ծանրությունը, հատկապես նրանք, ովքեր կորցրել են ընտանիքի անդամներին կամ անհայտ կորածների հարազատներ են: Ուստի չափազանց կարևոր է առաջնահերթություն տալ անհայտ կորածների ընտանիքների կարիքներին, նրանց իրավական և գործնական կարիքներին, ինչպես նաև ճշմարտությունն իմանալու իրավունքին՝ որոշումներ կայացնելիս և այս խնդրին առնչվող բոլոր գործողությունները կատարելիս»,- ասել է հանձնակատարը: Այս առումով անհրաժեշտ է ավելի ակտիվ փոխգործակցություն երկու կողմերի հետ՝ հաղորդակցությունը բարելավելու, միասնական տվյալների բազա ստեղծելու և մարդկային մնացորդների հայտնաբերման և նույնականացման հնարավորությունները մեծացնելու համար:

Բացի այդ, հանձնակատարը ստացել է արժանահավատ զեկույցներ ՀԿ-ներից, հակամարտության զոհերից և նրանց հարազատներից միջազգային մարդասիրական իրավունքի խախտման և հակամարտող կողմերի կողմից մարդու իրավունքների լուրջ խախտումների մասին: Հանձնակատարն ընդգծում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ պետությունները իրավական պարտավորություն ունեն պատասխանատվության ենթարկելու պատերազմական հանցագործությունների և մարդու իրավունքների լուրջ խախտումների համար մեղավորներին։

Հանձնակատարը  հատկապես անհանգստացած է բնակավայրերի՝ անկանոն գնդակոծման մասին հաղորդումներից, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց մահվան եւ լուրջ վիրավորումների: Նա կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հրաժարվել կասետային զինամթերքի օգտագործումից և ապահովել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների արդյունավետ հետաքննություն, ինչպիսիք են անխտիր և/կամ անհամաչափ հարձակումները, բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել մեղավորներին և ապահովել լիարժեք և արդյունավետ փոխհատուցում բոլոր զոհերին:

Վերջապես, հանձնակատարը   ընդգծում է, որ երկու երկրներում էլ հանրային բանավեճն ավելի ու ավելի է աչքի ընկնում թունավոր, թշնամական, անհանդուրժող և բացահայտ անհարգալից տոնով: «Ագրեսիայի» մշտական ​​հռետորաբանությունը կամ «թշնամիներ» բառերի օգտագործումը, որը վերաբերում է մյուս կողմին, միայն նպաստում է բաժանարար գծերի հակառակ կողմերում ապրող մարդկանց միջև թշնամության պահպանմանը», - ավելացրել է հանձնակատարը: Նա առաջարկում է, որ անդամ պետություններն էլ վճռական գործողություններ ձեռնարկեն՝ կանխելու և պայքարելու ատելության հրահրման դեմ և աջակցելու նախաձեռնություններին, որոնք նպաստում են խաղաղ գոյակցությանն ու հաշտությանը: