Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանայք երրորդն են Եվրոպայում

Սպորտ
390c8f752f18d41219a684e01255d194

Պլովդիվում ավարտվեց շախմատի Եվրոպայի ակումբային առաջնությունը: Երեւանի «Միկա» ակումբի կանանց թիմը գերազանց անցկացրեց մրցաշարի վերջնամասը եւ կարողացավ տեղ զբաղեցնել առաջին եռյակում:

Մեր շախմատիստուհիները 7-րդ տուրում պարզապես ջախջախեցին բուլղարական «Լոկոմոտիվ-2000» թիմին` 3,5:0,5: Հաղթանակներ տարան Դրոնավալի Հարիկան, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը, իսկ Էլինա Դանիելյանը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: «Միկան», ինչպես նաեւ եւս 3 թիմեր, վաստակեցին 9-ական միավոր, սակայն հենց վերջին խաղում տարած խոշոր հաշվով հաղթանակի շնորհիվ մեր թիմը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ մրցանակային տեղը: Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Մոնտե Կառլոյի «Սերկլ-Էխո» թիմը:

«Միկայի» տղամարդկանց թիմը վերջին տուրում կրկին պարտութուն կրեց` նվազագույն հաշվով զիջելով գերմանական «Բադեն-Բադենին»` 2,5:3,5: Կայացած 6 պարտիաներից 5-ը, ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, ավարտվեցին ոչ-ոքի, իսկ ահա միակ պարտությունը դարձյալ կրեց Արման Փաշիկյանը:

«Միկան» յոթ հնարավորից վաստակեց 9 միավոր եւ առաջնությունը ավարտեց 11-րդ տեղում: Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի «Էկոնոմիստը»: