Ֆուտբոլային «շոու» Թուրինում. Ֆրանսիան վերջին րոպեին հաղթանակ կորզեց Բելգիայից. ԱԼ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպայի ֆուտբոլի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումը Ֆրանսիայի և Բելգիայի հավաքականների կատարմամբ իսկական «շոուի» վերածվեց:
Թուրինի «Յուվենթուսի» ստադիոնում կայացած խաղը սկսվեց աշխարհի չեմպիոնների ճնշմամբ, սակայն բելգիացիներն առաջին կեսում ոչ միայն հավասարացրին խաղը, այլև տիրռցին նախաձեռնությանը և երկու գոլ խփեցին: Աչքի ընկան Յանիկ Կարասկոն ու Ռոմելու Լուկակուն:
Ֆրանսիայի հավաքականը հայտնվելով ծանր վիճակում, ընդմիջումից հետո էլ ավելի մեծ թափով սկսեց գրոհել: Խաղի 62-րդ րոպեին Քարիմ Բենզեման կրճատեց հաշիվը, իսկ մի քանի րոպե անց Կիլիան Մբապեն 11մ հարվածով հավասարեցրեց այն:
Խաղավերջում կրկին աչքի ընկավ բելգիացի Ռոմելու Լուկակուն, սակայն մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրեցին և չհաշվեցին գոլը: Հանդիպման վերջին րոպեին ֆրանսիացի Տեո Էրնանդեսը դիպուկ հարվածով գրավեց «Կարմիր սատանաների» դարպասը: Մրցավարներն այս անգամ խաղի կանոնի խախտում չարձանագրեցին և աշխարհի չեմպիոնները գերկամային հաղթանակ տարան` 3:2:
Եզրափակիչ խաղում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ, որ մեկ օր առաջ 2:1 հաշվով հաղթել էր Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականին: հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: