Պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել․ մեկ անձ ձերբակալվել է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի լույս 5-ի գիշերը Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացրած պարեկները ժամը 5.30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում նկատել են, որ «Օպել» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից փողոց են նետել իրեր, այդ թվում՝ ներարկիչ ու դանակ։
Պարեկները «Օպելի» վարորդին և երկու ուղևորին կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։ Դեպքի վայր եկած օպերատիվ խումբը տարածքի զննությամբ հայտնաբերել է փոշենման զանգվածով փաթեթներ, թափանցիկ հեղուկով՝ ներարկիչ, դեղնականաչավուն զանգվածով՝ կաթուցիչ, ծալովի դանակ և այլն, որոնք փաթեթավորվեցին՝ փորձաքննության ուղարկելու համար։
Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննության բաժանմունքում հարուցվել է քրեական գործ։ Բերման ենթարկված երեք երիտասարդից մեկը ձերբակալվել է։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Հարուցված քրեական գործը ոստիկանությունից փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։