Կարող եմ հանդիպել պարոն Փաշինյանին, երբ ինքը պատրաստ լինի դրան․ Ալիև
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, երբ վերջինս պատրաստ կլինի դրան։ Այս մասին ռուսական TАСС գործակալության փոխանցմամբ՝ Ալիևը նշել է իսպանական EFE-ին տված հարցազրույցում։
«Ես պատրաստ եմ և արդեն շարադրել եմ իմ դիրքորոշումը։ Եթե հայկական կողմը պատրաստ է, ուրեմն ես էլ եմ պատրաստ։ Ես պատրաստ եմ պարոն Փաշինյանի հետ բանակցություններին ցանկացած ժամանակ, երբ ինքը պատրաստ կլինի։ Դա լավ ցուցիչ կլինի, որ պատերազմն ավարտվել է ու այդ էջը փակվել է»,-նշել է Իլհամ Ալիևը։
Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը ցանկանում է հարթել Հայաստանի հետ նորմալ հարաբերություններ՝ հիմնված երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչման վրա․ «Մենք պատրաստ ենք անհապաղ սկսել մեր սահմանների դելիմիտացիան և դրա ավարտից հետո, իհարկե, նաև անցնել դեմարկացիային։ Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել Հայաստանի հետ միասին աշխատել խաղաղության համաձայնագրի շուրջ»։
Ալիևը ևս մեկ անգամ խոսել է ականապատ քարտեզների իր պահանջի մասին։ Նրա խոսքով` Հայաստանը պետք է Բաքվին տրամադրի ոչ թե այն տարածքների քարտեզները, որոնք ականապատված են, այլ ականների տեղադրման կոնկրետ վայրերի մասին տեղեկատվությունը․ «Մեր պահանջ է, որ Հայաստանը տրամադրի ականապատման ճշգրիտ քարտեզները։ Նման քարտեզներ գոյություն ունեն։ Այն պատճառով, որ Հայաստանը մեզ չի տրամադրել այդ քարտեզները, պատերազմից հետո անցած մեկ տարում 150 քաղաքացիական անձ և զինվորական է զոհվել։
Եթե հայկական կողմը անի դա՝ բարի կամք դրսևորի, մենք էլ համարժեքորեն կպատասխանենք»։