Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անդորայի հավաքականը որակապես փոխվել է»

Սպորտ
b28320ff68f498f4ab0ed7ea51b5a0cf

Հոկտեմբերի 12-ին Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում նախատեսված Եվրոպայի 2012 թ առաջնության Հայաստան - Անդորա ընտրական խաղի կապակցությամբ այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Նա նշեց, որ Անդորայի ընտրանին չնայած խմբի ետնապահն է, սակայն չի կարելի թերագնահատել մրցակցին: «Անդորայի հավաքականի խաղը վերջին տարիներին որակապես փոխվել է: Անդորացիներն այժմ ավելի շատ են մտածում գրոհելու մասին, պաշտպանվում են ոչ թե խաղացողների քանակով, այլ որակով: Զարմանալի չէ, որ նախկին խաղերում մրցակիցները անդորացիների դարպասը հիմնականում գրավել են ստանդարդ դիրքերի խաղարկումից հետո»,-նշեց Մինասյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առաջիկա հանդիպմանը չի կարող մասնակցել մեր թիմի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, որը Սլովակիայի հետ խաղում երկրորդ դեղին քարտը ստացավ այս մրցաշարում եւ մեկ խաղով որակազրկվեց: Վարդան Մինասյանը ասաց, որ արդեն որոշել է, թե ով է նրա տեղը խաղալու՝ Արթուր Եդիգարյանը, սակայն, այնուամենայնիվ, չցանկացավ հրապարակել մեկնարկային կազմը:

Մեր թիմի գլխավոր մարզիչը կարծում է, որ Սլովակիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը ամենեւին էլ անակնկալ չէր: «Նախորդ երկու հանդիպումներում թիմը նույնպես վատ ֆուտբոլ չխաղաց, պարզապես մարզական բախտը չժպտաց: Ուստի գտնում եմ, որ Սլովակիայի նկատմամբ հաղթանակ տանելու նախադրյալներ արդեն կային», ասաց Վարդան Մինասյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ նոյեմբերին նախատեսված Սիրիայի ընտրանու հետ ընկերական հանդիպումը չի կայանա: «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այժմ բանակցություններ է վարում այլ հավաքականների հետ` նոյեմբերին կամ եկող տարվա սկզբին ստուգողական խաղեր անցկացնելու համար: Ցանկալի կլիներ, եթե մասնակցեինք ամեն տարի Մալթայում կամ Կիպրոսում անցկացվող միջազգային մրցաշարերին»,- ասաց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը: