Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ովքե՞ր են 30 տարի դիմավորում Գեղարդի վանքի հյուրերին (տեսանյութ)

30 տարուց ավելի է՝ Գարեգին Թամրազյանը, Ռուբիկ Ավագյանն ու Թեմուր Փոփեյանը նվագում են Գեղարդի վանքում։ Ընկերներ ու համագյուղացիներ են, գալիս են այստեղ, պատվերով նվագում։

Նվագել ինքնուրույն են սովորել՝ երբեմն լսելով գյուղացի վարպետներին ու նրանց հետ Գեղարդ գնալով։  

Նվագում և երգում են նաև միջոցառումների ժամանակ, բայց իրենց աշխատանքի վայրը համարում են Գեղարդի վանքի մուտքը։

«Գալիս են գիդերն այստեղ, ասում են՝ մենք տուրիստներին ասել ենք՝ պետք ա երաժշտությունով ձեզ դիմավորեն, նվագում ենք ու գոհ շնորհակալ բարձրանում են վերեւ», - ասաց Գարեգին Թամրազյանը։

Անցյալ տարի ավելի շատ ոչ թե կորոնավիրուսն էր դժվարություններ առաջացրել, այլ պատերազմը․ նվագելու սիրտ չունեին․

«Պատերազմը որ եղավ, մենք մոտ 4 ամիս չէինք նվագում, էստեղ նվագելը մի քիչ մեր համար ճիշտ չէր։ Չէինք նվագել, հետո երբ ժողովուրդը սկսեց մի քիչ հանգստանալ, մենք էլ եկել ենք նվագելու», - ասաց Ռուբիկ Ավագյանը։

Ռուբիկ Ավագյանն էլ մինչ դուդուկը նվագելը հասցրել է երաժշտական տարբեր գործիքներ փորձել․

Խմբին «Գեղարդի երաժիշտներ» անունն են տվել, բոլորն էլ այդպես են իրենց ճանաչում։ Ասում են՝ դեռ չեն լսել, որ տուրիստական մեկ այլ վայրում իրենց նման երաժիշտներ լինեն․

«Բոլորը ճանաչում են, պատահում ա, որ գալիս են տուրիստ, գնում են, մի քանի տարի անցնում ա, գալիս են, որ մեզ տեսնում են՝ փաթաթվում են, համբուրում են, միշտ ցանկանում են, ասում են՝ ստեղ եղեք, որ մեզ դիմավորեք»։