Իրավական ակտերում որոշակի փոփոխություն ենք մտցնում, որ չպատվաստվածները ամիսը 2 անգամ թեստ հանձնեն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՈրևէ հակացուցում չունեցող և պատվաստումից հրաժարվող անձինք պետք է ամսեկան 2 անգամ ՊՇՌ թեստ հանձնեն։ Նույն կերպ ՊՇՌ թեստ պետք է հանձնեն ճամփորդել ցանկացողները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Որոշման պատճառն, ըստ նախարարի, Կովիդի՝ մեզ մոտ գրանցվող դրական դեպքերի կայուն աճն է․ «Եթե տեսնում ենք՝ ինչ է կատարվում տարածաշրջանում, Վրաստանում, ապա պետք է զգոն լինենք և անենք հնարավորը՝ մեր քաղաքացիներին համաճարակի ալիքների հետագա ընթացքից ապահովագրելու համար։ Իհարկե, մենք ակնկալում ենք նաև Կովիդով հիվանդացության աճ»։
Ինչպես հայտնեց առողջապահության նախարարը, այս կանոնը կգործի հանրային սննդի օբյեկտներում, մի շարք կազմակերպություններում, պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում։ Նախարարի կարծիքով՝ կոնկրետ անձի առողջությունից բացի, իրենք գործ ունեն լուրջ առողջապահական մարտահրավերի հետ, ուստի օգտվելու են նման սահմանափակումներից, քանի որ ունեն համաճարակի սպառնալիքի հետ կապված լուրջ մտավախություններ՝ հաշվի առնելով տուրիստական ակտիվ սեզոնը, ինչպես նաև ներքին տուրիզմի աշխուժացումը մեր երկրում։
Նախարարը նշեց՝ օրենքի շրջանակներում անելու են ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները պատվաստվեն։