Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք չենք եկել էս խորհրդարան՝ ջան ասենք, ջան լսենք, եկել ենք ասելու իրականությունը․ Սաղաթելյան (տեսանյութ)

Քաղաքական մեծամասնությունը չի կարող որոշել՝ ընդդիմությունը ինչպես և ինչպիսի ելույթ պետք է ունենա, իսկ ԱԺ նախագահը պարտավոր է իրեն պահել իր տեղում և դերում և, առհասարակ, պետք է կողմնորոշվի՝ ինքը ՔՊ վարչության անդա՞մ է, թե՝ ԱԺ նախագահ։ ԱԺ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի կողմից պատգամավորներին նիստերի մասնակցությունից զրկելու, նկատողություններ հայտարարելու այսօրվա միջադեպերին։

«Պատգամավորների հետ որևէ մեկը իրավունք չունի նման կերպ խոսել։ Մենք տալիս ենք քաղաքական գնահատական, իսկ էսօրվա քաղաքական մեծամասնությունը պետք է համակերպվի՝ նստի և լսի ընդդիմության կողմից հնչող բոլոր քաղաքական գնահատականները։ Մենք չենք եկել էս խորհրդարան՝ ջան ասենք, ջան լսենք։ Մենք եկել ենք՝ ասելու իրականությունը»,-ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ այս խորհրդարանն իրենց համար դիմակներ պատռելու, հասարակությանը, ժողովրդին իրականությունն ասելու ամբիոն է։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝  ելույթների չափ գոյություն ունի, որն իշխանությունն անցնում է․ «Ի՞նչ է նշանակում՝ սահմանադրական հեգնանքի պատճառով ինչ-որ ուժ հայտնվել է խորհրդարանում։ Նախ, էդքան գրագիտություն պետք է ունենան՝ հասկանալու համար, որ էդ հարցը կարգավորվել է ընտրական օրենսգրքով՝ կանոնակարգով, երկրորդը, սահմանադրության հեգնանքն իրենք են, որ հայտնվել են խորհրդարանում, առհասարակ։ Ու դրա պատճառով 2018-ին տեղի ունեցավ էդ դժբախտությունը, որը մեր երկիրը բերեց-հասցրեց  այս վիճակին»։

Իշխան Սաղաթելյանը վստահ է՝ ՀՀ իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից, այդ է պատճառը, որ պատերազմից 9 ամիս անց որևէ իշխանական պաշտոնյա Արցախ չի այցելում։ ԱԺ փոխնախագահը համոզված է՝ մեր ժողովրդին շարունակ մոլորեցնում են․ «Ասում էին՝ այլևս խաղաղություն կհաստատվի։ Անցել է 9 ամիս։ Շարունակում ենք գերիներ ունենալ, զոհեր ունենալ, թշնամին օրեցօր մոտենում է։ Վերջը պետք է մեր հասարակությունն աչքերը բացի և տեսնի՝ ում հետ գործ ունի, ու էս մարդիկ որքան վտանգավոր են մեր պետության և պետականության համար»։