Բացել լրահոսը Փակել լրահոսը
Սասնա ծռեր
A A
Քաղաքականություն

«Սասնա ծռեր»-ի գործը այլ դատավորներ կքննեն

 «Սասնա ծռեր»-ի 10 անդամների գործը Վերաքննիչ դատարանում այլ դատավորներ կքննեն։

    «Դատալեքս» տեղեկատվական համակարգից  տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Տիգրան Սահակյանին, Արմեն Բեկթաշյանին եւ Ռուբիկ  Մխիթարյանին։

  Մինչ այդ գործը մակագրված էր Ալեքսանդր Ազարյանին, Մխիթար Պապոյանին եւ Սերգեյ Մարաբյանին։

   Սակայն Ալեքսանդր Ազարյանը գտնվում էր արձակուրդում եւ հունիսի 3-ից նիստեր չեն կայացել։ Թե որն է դատավորների կազմի փոփոխության պատճառը, պարզ չէ։

 Հիշեցնենք, որ վերքննիչ բողոք ներկայացրել է թե մեղադրող եւ թե պաշտպանական կողմը։  Դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդել է ամբաստանյալներ Սմբատ Բարսեղյանի եւ Արմեն Բիլյանի նկատմամբ  նշանակված պատժի մասով բեկանել եւ փոփոխել դատավճիռը։

  Դատախազը պահանջում է Սմբատ Բարսեղյանին դատապարտել ցմահ, իսկ Արմեն Բիլյանին 21 տարվա ազատազրկման։

   Հիշեցնենք, որ  այս տարվա  փետրվարի 24-ին  հրապարակված դատավճռով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը     «Սասնա ծռեր» 1-ի գործով անցող բոլոր 9 անդամներին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված մեղադրանքներում։ Իսկ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց մահվան հիմքով։ Միաժամանակ դատավորն  արդարացրեց ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին՝ ապացույցների բացակայության հիմքով։    Դատավոր Մեսրոպ Մակյանն ապացուցված էր  համարել երկու ոստիկանի՝ Արթուր Վանոյանի եւ Յուրա Տեփանոսյանի սպանության մեջ Սմբատ Բարսեղյանի մեղքը եւ նրան դատապարտել 25 տարվա ազատազրկման։

Իսկ պաշտպանական կողմը պահանջում է կամ արդարացում, կամ գործը ուղարկել ստորադաս ատյան՝ նոր քննության։