Կարծես թե օրենսդրությունը գործում է միայն ի շահ հանքարդյունաբերողի․ իրավապաշտպան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզի Թումանյանի շրջանի շուրջ 70 բնակիչ դատական հայց են ներկայացրել «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի դեմ՝ իրենց առողջության, կյանքի անձեռնմխելիության և սեփականության իրավունքը պաշտպանելու նպատակով։
«Մեդիա կենտրոնի» քննարկման ընթացքում փաստաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը նշեց, որ մարդիկ սովոր չեն վնաս կրելիս դատարան դիմել ու պաշտպանել իրենց իրավունքները։ Կարևոր է, որ վերջերս որպես նախադեպ ստեղծվում են նման դեպքեր․ «Հիմնականում դիմում են այն համայնքների բնակիչները, որ տուժել են հանքարդյունահանությունից, հէկ-երի գործունեությունից»։
Նրա խոսքով՝ օրենսդրությունը Սահմանադրության առումով թերի է նրանով, որ մեր Սահմանադրության մեջ ամրագրված չէ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։ 2005թ․ Սահմանադրության մեջ այդ դրույթն ավելացվել էր, սակայն վերջին՝ 2015թ․ փոփոխություններով հանեցին այդ դրույթը․ «Ստացվում է, որ ՀՀ քաղաքացու մաքուր օդ շնչելու, մաքուր ջուր խմելու իրավունքը Սահմանադրությամբ ամրագրված չէ»։
Առողջությանը պատճառված վնասի վերաբերյալ, փաստաբանի խոսքով, մասսայական դիմումներ չեն եղել, սակայն անհատական դեպքեր գրանցվել են, որոնց պարագայում, որպես կանոն, մեր արդարադատությունը կանգնում է ուժեղի կողմը և բիզնեսին է պաշտպանում։
«Գյուղատնտեսական նշանակության բնակավայրերում, որոնք ավանդաբար զբաղվում են գյուղատնտեսությամբ, ունեն պոչամբար, աղտոտված գետ, բայց իրենք այդ հանքարդյունաբերությունից օգուտներ չեն ստանում։ Խաթարվել է գյուղատնտեսական պերսպեկտիվան», - ասաց «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը։
Նրա խոսքով՝ չկա քաղաքացիների իրավունքների պաշտպանության որևէ մեխանիզմ ու կարծես թե օրենսդրությունը գործում է միայն ի շահ հանքարդյունաբերողի։