Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Նիդերլանդների հետաքրքրությունը մեծացել է Հայաստանում ներդրումներ անելու համար․ դեսպան (տեսանյութ)

Անմիջապես պատերազմից առաջ է Հայաստան հասել Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը։ Ասուլիսում նա նշեց, որ ժամանել է անցյալ տարի օգոստոսին ու նրա առաքելությունը սկսվել է մեր երկրի համար շատ բարդ փուլում, որի մասին նա պարբերաբար ներկայացրել է Նիդերլանդներին, տեղեկացրել այստեղ առկա կոնֆլիկտի մասին։

«Մի շարք նախագծեր արդեն սկսել ենք, իրականացրել ենք ծրագրեր նաև վրացի գործընկերների հետ։ Այժմ մեր սեփական ծրագրերով թիրախավորել ենք տարբեր ոլորտներ, նախ՝ աշխատում ենք ժողովրդավարության տարածման և օրենքի գերակայության խնդիրների հետ կապված, քննարկվում են ծրագրեր քաղհասարակության ներկայացուցիչների հետ, փորձում ենք հասկանալ՝ ինչ կարող ենք անել Հայաստանին օգնելու համար», - ասաց դեսպանը։

Նրա խոսքով՝ շատ միջազգային կառույցներ, ինչպես Եվրոպական բանկն արդեն գործում են Հայաստանում, բավականին ինտենսիվ համագործակցություն են ծավալում ֆինանսական կառույցների զարգացման հետ կապված․ «Երկու երկրների էկոնոմիկայի նախարարություններն են համագործակցում, այդ առումով մենք շատ բաներ ենք սովորում միմյանցից։ Մեծ ուշադրություն ենք դարձնում նաև գյուղատնտեսության զարգացմանը»։

Աշխատանքներ են տարվում նաև տուրիզմի ոլորտի երկկողմ զարգացման ուղղությամբ՝ ասաց Նիկոլաս Սխեմերսը և կարևորեց նաև Հայաստանում կորոնավիրուսի տեմպերի թուլացման փաստը, որը հնարավորություն կտա հոլանդացիներին ավելի ազատ և անկաշկանդ այցելել Հայաստան։ Նա հույս հայտնեց, որ շուտով մարդիկ հնարավորություն կունենան ազատ այցելել երկու երկրներ առանց քովիդի հետևանքային խոչընդոտների և որ ՀՀ քաղաքացիներին վիզա կտրամադրվի առանց մեծ բարդությունների։ Նա նաև նշեց, որ Նիդերլանդների կողմից հետաքրքրությունը մեծացել է Հայաստանում ներդրումներ անելու համար։ Հայաստանի դեսպանն էլ Նիդերլանդներում շատ ակտիվ է բոլոր այդ ուղղություններով։