Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Եթե բռնենք բախտի պոչից․․․ Համազգայինը 30 տարեկան է (տեսանյութ)

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը սեպտեմբերին կնշի հոբելյանը մի շարք պրեմիերաներով: Երեսուն տարվա ճանապարհ անցած թատրոնը ձևավորել է իր հանդիսատեսը․ դերասանուհի Տաթև Ղազարյանի խոսքով՝ ամեն ինչ արել են, անգամ համաճարակի ու դրան հաջորդած ծանր ժամանակաշրջանում տարբեր նախագծեր են իրականացրել, որ չկորցնեն իրենց հանդիսատեսին:

«Մեր վարպետն ասում էր՝ արվեստը ճաշակ է, իսկ ճաշակը՝ չափի զգացողություն», -ասում է դերասանուհի Արմինե Անդրեասյանը: Այս սկզբունքով են առաջնորդվել և այն դարձրել ուղի:

Դերասան Գագիկ Մադոյանը հիշում է վարպետի մեկ այլ ասույթ՝ Ազգի հասցեն մշակույթն է:

«Մշակույթով են ճանաչում ազգի որպիսին լինելը», - ասում է դերասանն ու հավելում․ «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Գերմանիան ավերակների մեջ էր, նոր կառավարության հրամանով բոլոր քաղաքներում բացվեցին տիկնիկային թատրոններ, որ երեխաները մեծանան մաքուր արվեստով»:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի կարծիքով՝ յուրաքանչյուր թատրոնի կենսագրության մեջ գալիս է պահը, երբ թատերախումբը հասունացած ու քաղելու պտուղ է դառնում․ «Եվ դա ժամանակավոր երևույթ է: Դա չի կարող, ասենք, հիսուն տարի տևել: Այն, ինչ փոխանցել է Սոս Սարգսյանը տարիներ շարունակ աճել է, ու այսօր դա իսկապես հասունացած պտուղ է: Այս պահին թատերախումբը փայլուն որակի մեջ է, և ես պետք է այնքան խելացի լինեմ, որ կարողանամ հնարավորինս ճիշտ ուղղորդել, ցույց տալ յուրաքանչյուրի կարողությունը և դուրս բերել թատրոնը միջազգային հարթակ: Իսկ հայ թատրոնն այսօր իր սահմաններից դուրս է գալիս, հնարավորություն կա: Եթե բռնենք բախտի պոչից, ապա հայ ռեժիսորներ միջազգային հարթակներում շատ են լինելու: Սրա մասին արդեն բարձրաձայնվում է: Եթե առաջ Կովկասից միայն Վրաստանն են դուրս բերել, հիմա Հայաստանն են դուրս բերում»:

Հոբելյանին ընդառաջ Համազգայինի դերասանների ցանկությունը մեկն է, որն էլ մաղթում են իրենց թատրոնին, հանդիսատեսին և իրենք իրենց, որ հոբելյանը նշեն նոր, սեփական շենքի բեմում: