Լեւոն Արոնյանը կհանգստանա
Երեկ Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի ունեցավ շախմատի համաշխարհային 39-րդ օլիմպիադայի բացման արարողությունը:
Մրցաշարին կմասնակցեն 158 երկրների մոտ 1400 շախմատիստ-շախմատիստուհիներ:
Oլիմպիադայում կբացակայի տղամարդկանց աշխարհի ներկայիս չեմպիոն Վիշվանաթան Անանդը: «Ես վերջին ժամանակներին պարզապես հոգնել եմ շախմատից: Մասնակցել եմ մի քանի ուժեղ մրցաշարերի, իսկ մայիսին դժվար մրցամարտ անցկացրեցի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Իհարկե, ես կցանկանայի օգնել իմ երկրի հավաքականին, սակայն ինձ այժմ ավելի անհրաժեշտ է հանգստանալ» - պատճառաբանել է հնդիկ գրոսմայստերը:
Խանտի Մանսիյսկում օլիմպիադային անմիջականորեն կարող է հետեւել ցանկացած մարդ, քանի որ մուտքն անվճար է (Դրեզդենում կայացած նախորդ օլիմպիադայում տոմսերը արժեին 20-100 եվրո): Մրցանակային հիմնադրամը կազմում 135 հազար ԱՄՆ դոլար: Տղամարդկանց մրցաշարի հաղթողը կստանա 50000 դոլար, երկրորդ տեղը` 25000, երրորդ` 15.000, իսկ կանանց մրցաշարում համապատասխանաբար 25, 12 եւ 8 հազար:
Արդեն այսօր կկայանան առաջին տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը կհանդիպի Կոստա Ռիկայի ընտրանու հետ: Մեր թիմում առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Լեւոն Արոնյանը կհանգստանա: Նրան կփոխարինի Վլադիմիր Հակոբյանը:
Հայաստանի կանանց հավաքականը 1-ին տուրում կմրցի տարբեր երկրների շախմատիստուհիներից կազմված միջազգային թիմի հետ: