«Պատիվ ունեմ»-ը ևս կդիմի ՍԴ
Աջակցիր «Ա1+»-ինԸնտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում Սահմանադրական դատարան պատրաստվում է ներկայացնել նաև «Պատիվ ունեմ» դաշինքը։ Այդ մասին «Ա1+»-ին հայտնեց դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը։ Նա նշեց, որ դիմումները տեխնիկապես ՍԴ են գնում առանձին, քանի որ ընտրախախտումները յուրաքանչյուր կուսակցության կամ դաշինքի լիազոր անձինք հավաքագրել են ի սկզբանե առանձին։ Բայց հետագայում ՍԴ-ն միասի՞ն կքննի դիմումները, թե՞ առանձին՝ արդեն զուտ տեխնիկական հարց է։
Սոս Հակոբյանի կարծիքով՝ իրենք բոլոր բավարար հիմքերն ու փաստերն ունեն՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Մենք տեսանք, որ կիրառվում էր վարչական հսկայական ռեսուրս, զինվորականներին ուղղորդում էին, շրջիկ խմբեր էին գործում, ատելության մթնոլորտ էր ստեղծվել, անհավասար պայմաններում էին ընտրություններն անցկացվել։ Վարչապետի պաշտոնակատարը պահպանում էր իր լիազորությունները, հանդես էր գալիս ատելության խոսքի այնպիսի չափաբաժնով, որ չի եղել երբեք, սպառնալիքներ էր հնչեցնում, որի համար իրավական երկրում պատժում են», - ասաց դաշինքի մամուլի խոսնակը։
Ըստ օրենքի՝ Սահմանադրական դատարան կարելի է դիմել ընտրությունների ամփոփումից հետո 5 օրյա ժամկետում և նրա խոսքով, իրենք մինչև վերջնաժամկետը կդիմեն ու կհայտնեն այդ մասին հանրությանը։