Մեր թեկնածուն էր քվեարկել այդ ընտրատեղամասում, սակայն այդտեղ մեր օգտին քվե չկա․ «Ինքնիշխան Հայաստան»
Աջակցիր «Ա1+»-ին«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով դիմումից հետո որոշ ընտրատեղամասերում վերահաշվարկներ են իրականացնելու։ Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության փոխնախագահ Հովսեփ Ղազարյանը՝ Երևանի 2/44 ընտրատեղամասում վերահաշվարկն արդեն իրականացրել են և եթե ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներում այնտեղ իրենց 0 ձայն էին հաշվել, վերահաշվարկից հետո պարզվել է, որ այդ ընտրատեղամասից ունեին 7 ձայն։
Խնդրի մասին իրենց ահազանգել էին ընտրողները և նշել, որ իրենք ընտրատեղամասում քվեարկել են կուսակցության օգտին, սակայն վերջում այնտեղից 0 ձայն է հաշվվել․ «Նույնիսկ դեպք կա, որ մեր ցուցակի թեկնածուն էր քվեարկել ընտրատեղամասում, սակայն այդտեղ մեր օգտին քվե չկա»։
Ընտրատեղամասերը, որտեղ վերահաշվարկ են իրականացվելու 12-ն են, հայտնեց Ղազարյանը։ Կան Շիրակի մարզում, Արարատում, Երևանում և էլի մի քանի մարզերում։ Վերահաշվարկները իրականացվելու են այսօր և վաղը։