Ոստիկանները Տերյան 23-ում ապրող ընտանիքին 15 օր տվեցին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊետության կարիքների համար օտարման գոտում հայտնված Տերյան 23 շենքում ապրող Մովսեսյանների ընտանիքը 4 անչափահաս երեխաների հետ դրսում մնալու վտանգի տակ է։
«Մոտ 10 օր առաջ եկան, ասեցին, որ հունիսի 9-ին գալու ենք, ձեզ էստեղից հանենք, բայց ես տեղ չունեմ գնալու, ես իմ երեխաներին չեմ կարող ծառի տակ պահեմ», - ասաց ընտանիքի մայրը՝ Վարսենիկ Հայրապետյանը։
Ընտանիքն արդեն մեկ տարի է՝ բնակվում է այդ շենքում՝ առանց վարձակալման կամ սեփականության իրավունքի։
«Իմանալով, որ ստեղ բնակարաններ կան ազատ, արդեն քանի տարի է՝ փակ են դռները, ես իմ երեխաներին չէի կարող թողնել ծառի տակ, եկանք, մտանք ու սկսեցինք բնակվել էստեղ։ Դա անցյալ տարի ապրիլ ամիսն էր։ Պետությանը դիմել եմ, կառավարությանը դիմել եմ, քաղաքապետարանից պատասխանը եկել է, որ բյուջեում գումար չկա, մենք չենք կարող ձեզ օգնել»,-ասաց կինը։
Դիմել էին նաև Մարդու իրավունքների պաշտպանին, սոցիալական աջակցման կենտրոն, որն էլ առաջարկել էր հանրակացարանում 14 քմ տարածք, սակայն ընտանիքի 6 անդամներով այդքան տարածքում ապրել չեն կարող։
Ընտանիքին պահանջ ներկայացվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության կողմից, որը կառավարության որոշմամբ 2007թ-ին դարձել է այս տարածքի կառուցապատող և նախատեսում է հյուրանոց կառուցել։
Ոստիկանության Կենտրոնի բաժնի ոստիկանները ներկայացան «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերության ներկայացուցչի հետ և պահանջեցին կես ժամվա ընթացքում լքել բնակարանը, սակայն ընտանիքը մերժեց։
Ոստիկանների և ներկայացուցիչների հետ բանակցություններից հետո ընտանիքի հայրը՝ Կարեն Մովսեսյանը, նշեց, որ հիմա իրենց 15-20 օր են տալիս, սակայն բնակարանի հարցն իրենք կկարողանան լուծել առնվազն 6 ամսում։ Նախնական պայմանավորվածությունը, սակայն, չփոխվեց, բայց ընկերության ներկայացուցիչը չբացառեց նաև, որ գուցե բնակության ժամկետները երկարացնեն։
Հիշեցնենք, որ շենքում դեռ կան ընտանիքներ, որոնք չեն համաձայնվել կառուցապատողի պայմաններին և դուրս չեն գալիս։