Բացել լրահոսը Փակել լրահոսը
YD4pL1nVyO6SNFTZ
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՀԱԿ փոխնախագահը չի բացառում այլ ուժերի հետ միավորումը, բայց միայն Փաշինյանի հեռացման շուրջ (տեսանյութ)

Ընտրությունները պետք է սկսել դրական լուրերով, սակայն 6 զինծառայողների գերեվարումով չի ավարտվում պարտության, նվաստացման շղթան, որի մեջ հայտնվել ենք։ Իշխանություններն ու բազմաթիվ կուսակցություններ կդիմեն միջազգային հանրությանը, տարբեր երկրների, ՀԱՊԿ-ին, սակայն այդ ամենը որևէ նշանակություն չի ունենա։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մենք պետք է հասկանանք այս պարտությունների, նվաստացման շղթայի շարունակության պատճառը։ Ցավոք սրտի, մենք այսօր ունենք պետություն, որի օրգանիզմն այլևս իմունիտետ չունի։ Մենք ունենք պետություն և իշխանություն, որը երեք տարվա մեջ ապացուցել է իր անկարողությունը», - ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ պետք է հասկանալ, որ ՄԱԿ-ին դիմելը, Ռուսաստանին, Ադրբեջանին, Թուրքիային դիմելը որևէ արդյունք չի տալու, քանի դեռ մեր պետությունը վերականգնված չէ։ Դա նշանակում է ունենալ արդյունավետ գործող բանակ, որ նման դեպքերում ոչ թե զբաղվում է ձեռնամարտով, այլ կրակում է․ «Որը գիտի, եթե կրակելուց հետո լինում են բարդություններ, ինչ են անում այդ դեպքում, գիտի իր ստրատեգիական դաշնակիցների և իր ռեսուրսների հաշվարկն ու ամեն ինչ անում է արդյունավետ ու հավասարակշռված»։

90-ականներին կարողանում էինք հաղթել, ասաց Զուրաբյանը, սակայն այժմ դա չի ստացվում․ ո՞րն է պատճառը։ Պատասխանն այն է, որ հաղթանակի բանալին քաղաքական իրատեսությունն է, աշխարհաքաղաքական իրողությունների հաշվարկն է։

«Առաջին հերթին քաղաքական իրատեսությունն է, որ հիմնված է բավականին լուրջ արժեհամակարգի վրա։ 1988թ․ մեր համազգային շարժման արժեհամակարգն էր, երբ մենք գիտեինք, որ հույսը կարող ենք դնել միայն սեփական ուժերի վրա և ինչ անում էինք, անում էինք այդ հաշվարկով։ Շատ լավ գիտեինք, որ աշխարհում կան պետություններ, որ զբաղված են իրենց շահի պաշտպանմամբ, իսկ մենք պետք է զբաղվենք մեր շահի պաշտպանմամբ», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ պարտվում ենք, որովհետև 1998թ․-ից մտանք արկածախնդրության, հաշվարկների բացակայության, ոչ ստրատեգիական մտածողության և առավելապաշտության դաշտ։ 

«ՀԱԿ-ը մոտենում է այս ընտրություններին ոչ թե որպես սովորական ընտրությունների, այլ որպես պետության վերականգման օպերացիայի։ Սա պետությունը փրկելու ուղղությամբ հատուկ օպերացիա է և միայն դա է մեզ պարտադրել մտնել այս ընտրությունների, ընտրարշավի մեջ, որովհետև տեսնում ենք, որ ալտերնատիվը պետականության փլուզումն է», - ասաց Լևոն Զուրաբյանը։

Նա նշեց, որ 1997 թվականին իրենք զգուշացնում էին այս զարգացումների մասին։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր հոդվածում՝ «Պատերազմ, թե խաղաղություն․ լրջանալու պահը», ներկայացնում էր ճանապարհը և եթե գնայինք այդ ճանապարհով, այսօր կունենայինք բոլորովին այլ՝ հզոր պետություն․ «Մենք հիմա հասկանում ենք, որ եկել է «լրջանալու պահը» և հենց սա է լինելու մեր ընտրարշավի կարգախոսը»։

Ընտրական ՀԱԿ-ի ցուցակում ի՞նչ սկզբունքով են հայտնվել թեկնածուները, Զուրաբյանը պատասխանեց, որ Տեր-Պետրոսյանը համախմբման գաղափարը դրեց այս ընտրությունների նկատմամբ իրենց վերաբերմունքի հիմքում․ «Չնայած ֆորմալ առումով մենք ներկայացել ենք որպես «Հայ ազգային կոնգրես», բայց, ըստ էության, այս ցուցակը դաշինք է, ՀԱԿ-ի դաշինքը հանրության հետ։ Դաշինք գիտնականների, մտավորականների, մշակութային գործիչների, մենեջերների հետ»։

Իրենց ցուցակում ընդգրկել են նաև գործարարների խումբ, սակայն չկան գործարարներ, որոնք ունեն խոշոր տնտեսական շահեր, որ կարող են պետական իշխանության լծակներն օգտագործել սեփական հարստացման համար․

«Կան հաջողակ գործարարներ, որոնք կարող են իրենց մենեջերական կարողություններն ու հայացքները կիրառեն Հայաստանն ակտիվ, գործարար տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղղությամբ»։

Թե ինչո՞ւ է ՀԱԿ-ը պասիվ, երբ շատ ուժեր արդեն քարոզչական որոշակի քայլեր անում են, նա պատասխանեց, որ մի կողմից Նիկոլ Փաշինյանն իր ձեռքում է պահում «Հանրային» հեռուստատեսությունն ու նրանց կողմից ստեղծված շատ կայքեր, մյուս կողմից, ինչպես իրենք են ասում, «ռոբասերժական» ճամբարն է, որտեղ նույնպես կան մեծ լրատվամիջոցներ․ «Այսինքն, փող, լրատվամիջոց, օլիգարխներ։ Մենք չունենք այդ ռեսուրսները , մեր զենքը ճշմարտությունն է»։

ՀԱԿ փոխնախագահը չի բացառում քաղաքական այլ ուժերի հետ միավորումը, բայց միայն մեկ հարցի` Փաշինյանի հեռացման շուրջ։