Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԼՀԿ պահանջը հետևյալն է՝ առանց նոր պատերազմ հրահրելու ադրբեջանական զինուժը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից․ Մարուքյան (տեսանյութ)

Հեղափոխությունից հետո ունեցած ձեռքբերումներից փշրանքներ են մնացել, այս կարծիքին է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Ճեպազրույցում նա նշեց, որ եթե գործարարները վերադառնան Խորհրդարան և քաղաքականությունն ու բիզնեսը կրկին միախառնվեն, դա կլինի ևս մեկ խոստման դրժում ու հետընթաց։

Մարդիկ արդեն խոսում են, որ ընտրակաշառքներ են լինելու և ձայների համար գումար են բաժանելու։

Մարուքյանի խոսքով՝ ակնհայտ է, թե որ կողմերից կարող են փող բաժանել․ «Միշտ կարող է փող բաժանել իշխանությունը, որովհետև ազդեցություն ունի գործարարների վրա, և կարող են փող բաժանել անսահմանափակ ռեսուրսներ ունեցող ուժերը»։

Հարցին, եթե «Իմ քայլի» ցուցակը լինի այն տեսքով, որտեղ կան Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, ի՞նչ ռիսկեր կարող է լինել, եթե իշխանությունը վերընտրվի, Մարուքյանը պատասխանեց, որ հեղափոխությունը հետընթաց կապրի և մյուս բոլոր ուժերը նույնպես գործարարներ կբերեն Խորհրդարան․ «Եթե ոչ այս անգամ, մյուս անգամ կլինի գործարարներից բաղկացած Խորհրդարան, ինչպես նախկինում։ Այսինքն, ինչը եղել ու քննադատվել է, այդ համակարգը վերածնվում է այլ էրոզիաների արդյունքում»։

ՀԱՊԿ-ից եկած արձագանքների և դրանց բավարար լինելու մասին հարցին Մարուքյանը պատասխանեց, որ դրանք չեն բավարարում։ Իրենք ակնկալում են, որ ՀԱՊԿ-ը աներկբա հայտարարություններ և գործողություններ անի ու զորքերը դուրս բերվեն Հայաստանից առանց նոր էսկալացիաների։

«ԼՀԿ պահանջը հետևյալն է՝ առանց նոր պատերազմ հրահրելու այդ զինուժը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից։ Ես ասել եմ և պնդում եմ, որ ճիշտ է բանակցային ֆորմատը», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Քանի դեռ թշնամու զորքը Հայաստանի տարածքում է, այդ պայմաններում ընտրությունները կկայանա՞ն, Մարուքյանն ասաց, որ այդ զորքը մտել է ՀՀ սահման, քանի որ այնտեղ մեր զորքը կանգնած չի եղել, բայց այժմ թշնամին դրանից ավելի առաջ գալ չի կարող․ «Հիմա գնում են խաղաղ բանակցություններ ու քննարկումներ»:

Լրագրողը նշեց, որ այժմ համացանցային տարբեր հարցումների արդյունքում ԼՀԿ-ն վերջին տեղերում է, Մարուքյանն արձագանքեց․ «Մենք միշտ եսիմորերորդ տեղերում ենք լինում, մեկ էլ տեսնում են, որ մենք էստեղ ենք»։

Նրա կարծիքով՝ «Լուսավոր Հայաստանը» բավականին իրատես ուժերից է ու քանի դեռ քարոզարշավը չի սկսվել, իրենք եթե-ներով, ապա-ներով չեն խոսում, որովհետև քարոզարշավը փոխելու է ամբողջ պատկերը․

«Կա քաղաքացիների չկողմնորոշված մեծ տոկոս, որից կախված է լինելու ընտրությունների ելքը։ Այնպիսի անակնկալներ կարող են լինել, որ որևէ մեկս չենք ենթադրում։ «Լուսավոր Հայաստանի» գործը մեր խոսքը, արած աշխատանքն ու անելիքը մարդկանց տեղ հասցնելն է»։

Նա նշեց, որ եթե ներքաղաքական հանդարտություն ձեռք չբերեցինք, տո թուրքն էլ է մտնելու սահմաններից, տո գալու է առաջ, ասելուէ՝ էս լիճն իմն է։

Ընտրական օրենսգիրքը, Մարուքյանի կարծիքով, փոխեցին ընտրություններին մարդկանց մասնակցության շեմը նվազեցնելու համար։ Եթե ռեյտինգային ընտրակարգի պայմաններում կա 1500-ից ավելի թեկնածու և բոլորն առանձին պայքարում են ու մոտիվացնում են ինչ-որ խումբ մարդկանց գնալ ընտրության, հիմա դա չկա։

«Հիմա եթե 16 ուժ է, պատկերացրեք՝ 16 թեկնածու կա։ Առաջին համարների կռիվ է ու դրա մեջ շահագրգռված ընտրության գնալու մոտիվացիան չկա», - ասաց Մարուքյանը։

Լրագրողը նկատեց, որ ընտրազանգվածը զգուշավոր մարդկանց չի սիրում, սիրում է՝ երբ իրար ասում են «դավաճան», «կապիտուլյանտ» և գուցե իրենց զգուշավորությամբ այս միջավայրում ԼՀԿ-ն ընտրազանգված կկորցնի, Մարուքյանն ասաց, որ եթե զգուշավոր լինեին, դեմ կլինեին այս ընտրություններին և կպահեին իրենց մանդատները․ «Մեր տեսակը չի կարող քաղաքական օպոնենտին ասել «վիժվածք», «թուրքի ծնունդ»։ Մենք ոչ թե զգուշավոր ենք, այլ, ոնց ասում են, «կլասիկ» պատգամավոր ենք։ Դասական քաղաքական գործիչը չի կարող հայհոյել իր օպոնենտին»։

Նրա կարծիքով՝ եթե իրենք իրենց բալանսավորված այդ գույնով չլինեին այս գործընթացների մեջ, իրար կհոշոտեին․ «Այն լարված օրերին, երբ այս շենքը գրավել էին, միայն մենք էինք այստեղ։ Մենք միշտ բերել ենք բալանսի, որ մարդիկ իրար չմորթեն, իրար վնաս չտան»։