Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Շառլ Ազնավուրը «վերադարձավ» իր սիրելի Փարիզ․ բացվեց նրա կիսանդրին (տեսանյութ)

Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքը Շառլ Ազնավուր էր լսում եւ հարգանքի տուրք մատուցում մեծ վարպետին։

   2018-ի հոկտեմբերի 1-ին կյանքից հեռացած  շանսոնյեն վերադարձավ իր սիրելի Փարիզ։ 6-րդ թաղամասում՝ Օդեոնի հրապարակում, բացվեց Շառլ Ազնավուրի կիսանդրին, հարեւանությամբ այն փողոցի՝ Սեն Ժերմեն դես Պրեսի, որտեղ անցել է նրա մանկությունը։

Կիսանդրու բացմանը ներկա էր Փարիզի քաղաքապետը, երգչի որդին՝ «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր Նիկոլա Ազնավուրը, քույրը՝ Աիդան, Ֆրանսիայում ՀՀ դեսպանը,  պաշտոնյաներ եւ պարզապես  երկրպագուներ։ 

«Շառլ Ազնավուրն ու Փարիզն իրար հավերժ սիրահարված են. սա, իրապես, մեծ սիրո շատ սիրուն պատմություն է։ Եվ մայրաքաղաքի հանդեպ իր սերը նա նշանավորել է անմոռանալի երգերով՝ «Սիրում եմ Փարիզը՝ մայիսին», «Ես տեսա Փարիզը», «Փարիզցի մանչը» և, իհարկե, «Բոհեմը»...Բազմաթիվ այլ գործեր էլ, որոնք նրա հիացմունքն ու սերն են արտացոլում Փարիզի հանդեպ...Ակնհայտ է, որ քաղաքի հանդեպ նրա այս սերը փոխադարձ է»,- իր ելույթում նշեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն։

Կիսանդրու հեղինակը Ալիս Մելիքյանն է եւ  այն ստեղծել է 1964 թվականին, երբ  40-ամյա Շառլ Ազնավուրն առաջին անգամ այցելել է Հայաստան:  Ի դեպ,  պահպանվել է  տեսանյութ՝ ինչպես է Ազնավուրը շախմատ խաղում, իսկ այդ ընթացքում  Ալիս Մելիքյանը ստեղծում է նրա կիսանդրին։

Կիսանդրին այս տարիների ընթացքում պահվել է Ազնավուրների տանը՝ որպես թանկ հուշ՝ Հայաստան առաջին այցելությունից:

Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 97 տարեկան։