Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Չպետք է թույլ տալ, որ ժամանակավոր պաշտոնակատարը ստորագրություն դնի. Արամ Սարգսյան (տեսանյութ)

«Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության համագումարի ընթացքում կուսակցության անդամները միաձայն հաստատեցին օրեր առաջ գործարար, ՀՀԿ նախկին անդամ Տիգրան Արզաքանցյանի հետ կնքած հուշագիրը: Այս մասին տեղեկացնում է կուսակցության մամուլի ծառայությունը։

Ինչպես կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշեց` նրանք միասին են գնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Ելույթում Արամ Սարգսյանն ասաց, որ բոլոր քաղաքական, հասարակական ուժերը, այդ թվում` իրենք, չեն հասել այն արդյունքին, որ իրենց առջև որպես նպատակ էին դրել. չեն կարողացել ազատվել այս իշխանությունից և չեն կարողացել փոխել քաղաքականությունը.

«Այս պահին պետք է խոսել ապագայի վերաբերյալ, թե ինչ քայլերով կարող ենք շտկել այս վիճակը: ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը պատրաստվում է սկսել դելիմիտացիայի և դեմարկացիայի բանակցությունները թշնամի երկրի հետ այն պարագայում, երբ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ և դրանք անօրինական քայլեր են»:

Նրա խոսքով, եթե սահմանները հաստատեն ԽՍՀՄ քարտեզներով, դա նշանակում է, որ հրաժարվում ենք Արցախից.

«Մենք չենք ճանաչել Արցախի Հանրապետությունը որպես սուբյեկտ և նա ֆորմալ տեսանկյունից մնում է Ադրբեջանի կազմում. սրանից ավելի մեծ դավաճանություն և ողբերգություն ես չեմ պատկերացնում»:

Արամ Սարգսյանը նշեց, որ չպետք է թույլ տալ, որ ժամանակավոր պաշտոնակատարը ստորագրություն դնի ինչ-որ փաստաթղթի տակ. դա կլինի իրենց հանցանքը:

«Սա դառնալու է մեր կուսակցություան և մեր գործընկերների գլխավոր խնդիրներից մեկը, որ մենք կարողանանք վերադարձնել այն իրավիճակը, որ պետք է ճանաչվի Արցախի օրինականությունը: Բավական են այն խոսակցությունները, թե միջազգային հանրությունը պետք է ճանաչի: Ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու», - ասաց նա:

Հազարավոր երիտասարդներ, նրա խոսքով, իրենց կյանքը զոհեցին հանուն Արցախի և հիմա մենք առանց կրակոցի հրամցնում ենք այն թշնամուն: Արամ Սարգսյանի համոզմամբ` իրենք բոլոր հնարավորություններն ունեն ընտրություններում հաղթելու` գաղափարախոսություն, գործողությունների ծրագիր: Հայաստանը պետք է օգտագործի իր ինտելեկտուալ ներուժը` այս իրավիճակից դուրս գալու համար:

Արամ Սարգսյանը ներկայացրեց նաև իրենց կուսակցության ծրագրի հիմնական կետերը.

«Տնտեսական քաղաքականության գլխավոր խնդիրը լինելու է գյուղատնտեսությունը: Այն ասյօր պարենային անվտանգությունն ապահովությունն է: Գյուղատնտեսությունը պետք է Հայաստանում դառնա ագրոարդյունաբերական համալիր: Մենք փոքր երկիր ենք, ուրիշ ելք չունենք: Սուբվենցիաներով գյուղը չի կարող զարգանալ»:

Երկրորդ խնդիրը, նրա խոսքով, արդյունաբերությունն է: Արդյունաբերական նորագույն տեխնոլոգիաներ հայերն ունեն, բայց նվիրում են այլ ազգերի` աշխատելով ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և որտեղ ասես. «Հայկական պրոդուկտը պետք է գա Հայաստան և աշխատի Հայաստանի համար»:

Նա նշեց` պետք է ձևավորել գիտահեն, բայց աշխատատեղերը շատացնող տեխնոլոգիաներ, որովհետև քաղաքացիներին երկրում պահելու խնդիր կա. «Այս ամենի հետ մեկտեղ պարտավոր ենք կրթությամբ զբաղվել, որովհետև ոչինչ հնարավոր չի լինի իրականացնել, եթե մենք ազգային արժեհամակարգի վրա կրթված երիտասարդներ չունենանք: Մենք պարտավոր ենք նաև ամրապնդել մեր եկեղեցին և նրա դերը»:

Արտաքին հարաբերությունները, Արամ Սարգսյանի խոսքով, նույնպես նրանց համար կարևոր տեղում են. «ՀՀ-ն այս30 տարվա ընթացքում չի մշակել արտաքին հարաբերությունների դոկտրին: Իրավիճակային քաղաքականություն ենքվարել: Ասել ենք, որ մեր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանն է և պետք է նրա հետ լինենք, բայց պետք է ունենանք գործընկերային հարաբերություններ, որ մենք էլ հարգվենք, ոչ թե վիզը ծուռ գնանք ՌԴ նախագահի մոտ նստենք»:

Նրա խոսքով` պետք է օգտագործել այն փաստը, որ Չինաստանը չի ցանկանում` Թուրքիան հզոր և մեծ տերություն դառնա այս տարածաշրջանում և շահագրգռված է Հայաստանի պահպանմամբ ու հզորացմամբ: