Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Առանց հանդիսատես համերգը` համերգ չի. Մարիո Պիետրոդարկի (տեսանյութ)

Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ հայտնի և սիրված  իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը՝ Արգենտինացի հանրահայտ կոմպոզիտոր Աստոր Պիացոլայի հարյուրամյա հոբելյանի առթիվ։

Դահլիճը լեփ-լեցուն էր, բոլոր տոմսերը վաճառվել էին։

Համերգից առաջ «Ա1+»-ը զրուցեց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ։

«Համերգը առանց հանդիսատեսի համերգ չի։ Երբ չկա այդ էներգիայի փոխանցողը, շատ դժվար է կատարել։ Հուսով եմ, որ ամեն ինչ իր տեղը կընկնի ու յուրաքանչյուրն իր ծրագրերը կկարողանա իրականացնել»,- ասաց երաժիշտը։

Պիետրոդարկին խոստովանում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը իր սիրելի նվագախմբերից է և դա է պատճառը, որ արդեն չի էլ հիշում, թե իր որերորդ ելույթն է այս նվագախմբի հետ։

«Առաջին անգամ, երբ ելույթ ունեցա՝ չեմ հիշում, հիշում եմ, որ դա տասնհինգ տարի առաջ էր, և մենք բոլորս երիտասարդ էինք», - ժպիտով ասում է նա և հավելում, որ նվագախմբի երաժիշտները երբեք ջանք ու եռանդ չեն խնայում։

Երաժիշտը նշեց նաև Արամ Խաչատրյան համերգասրահի ակուստիկ հնարավորությունների մասին։

«Շատ հաճելի ու հարմարավետ է նվագել այս գեղեցիկ դահլիճում։ Եվ, քանի որ ակուստիկ հնարավորությունները շատ-շատ լավն են, դրա համար կարողանում ենք ստանալ մեր ուզած ձայնը և իրագործել գաղափարը»։

«Ձեր կատարմամբ Պիացոլայի տանգոներից յուրաքանչյուրը կարծես բեմականացված ներկայացում լինի, միայն թե աթոռի վրա»,- հարցին Պիետրոդարկին պատասխանեց, որ Պիացոլայի երաժշտությունը նույնանում է տանգոյի հետ և որ այս տանգոները կյանքն են և ուրախություն է, և տխրություն է, որը մարդ վերապրում է երաժշտության միջոցով։ Համերգը ղեկավարում են դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոն և Սերգեյ Սմբատյանը։ Ջանլուկայի հետ որոշեցինք կատարել «Ավե Մարիան», որը մենք նվիրում ենք Արցախի նահատակներին»,- ասաց Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։