Թուրքիան ունի հստակ դիրքորոշում՝ Հայաստանին խեղճ վիճակում պահել․ Արա Պապյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արևմուտքը տարիներ ի վեր խորը հիասթափության մեջ է հայ ժողովրդից և Հայաստանից, այն առումով, որ «անուղղելի ռուսասեր եք անգամ այս պատերազմից հետո»։ Կարևոր է ցույց տալ, որ հասարակության մեջ կան սթափ մտածող մարդիկ», - Ազատության հրապարակում ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում գտնվելու օրերին տարբեր քաղաքներում հայ համայնքների հետ հանդիպումներից բացի, Վաշինգտոնում ամերիկյան գործիչների, ներկա և նախկին դիվանագետների է հանդիպել։
Հանդիպումներից բազմազան և հիմնականում դրական տպավորություններ ունի, քանի որ հանդիպման ընթացքում, երբ հստակ ասել է իրենց նպատակների մասին, ճշգրտել է իրենց մասին տարածված խեղաթյուրված տեսակետները, մարդիկ հասկացել և համաձայնել են։
Խեղաթյուրված կարծիքն էլ, Արա Պապյանի խոսքով, նրա հետևանքն է, որ շատերն ԱՄՆ-ում «Հանրային հեռուստաընկերություն» են դիտում, որ չնայած կոչվում է հանրային, սակայն պետական, միակուսակցական հեռուստատեսություն է և արտահայտում է «Իմ քայլի» դիրքորոշումն այնպես, ինչպես մի ժամանակ արտահայտում էր «ՀՀԿ»-ի, «ՀՀՇ»-ի կարծիքները։
«Մարտի 16-ին ես Լոս-Անջելեսում էի և ինչպես Երևանում Ազգային ժողովրդական բևեռը հանրահավաք կազմակերպեց, մենք ևս հանրահավաք կազմակերպեցինք այդ տխրահռչակ Մոսկվայի ռուս-թուրքական կամ բոլշևիկա-քեմալյան պայամանագրի վերաբերյալ բողոք հայտնեցինք»,- ասաց Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այսօր այլ քաղաքականության է հետամուտ լինում, այն է՝ մերձեցում թուրքական աշխարհի հետ և այդ ռուս-թուրքական միասնությամբ, ինչպես 100 տարի առաջ էր, դիմակայել Արևմուտքին։
«Առաջիկա հնարավոր ընտրություններին, քվեն տալով Ազգային ժողովրդավարական բևեռին, ժողովուրդը ոչ միայն քաղաքական, այլև քաղաքակրթական ընտրություն է կայացնելու։ Եթե ժողովուրդը պիտի ընտրություն կատարի, որ մնում է ռուս-թուրքական երկվության մեջ, բնականաբար Արևմուտքը չի պարտադրելու իր աջակցությունն ու սերը», - ասաց Արա Պապյանը։
Ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում էլ, նրա խոսքով, կկայացնեն, երբ ամեն ինչ ավելի կհստակեցվի և պաշտոնապես կհայտարարվի ընտրապայքարը․
«Թեև վարչապետն արդեն սկսել է։ Ինքը մեր հաշվին փող է ստանում, փոխանակ աշխատանք կատարի, խախտելով բոլոր տեսակի օրենքները, գնում է գյուղեր և մարդկանց արդեն իսկ կոչ է անում քվեն տալ գելխեղդին, որ ինքն իրեն է պատկերացնում, գայլերին խեղդելու համար», - ասաց նա։
Ոչ աշխատանքային օրերին էլ, Արա Պապյանի խոսքով, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է որպես վարչապետ այցելել մարզեր, բայց պետք է քարոզչություն և հստակորեն քվեներ տալու կոչեր չանի։
Խոսելով նաև Թուրքիայի հետ սահմանները բացելու մասին՝ նա նշեց, որ Թուրքիայի հետ սահմանների բացումն ի վնաս Հայաստանի է և դա վատ հետևանքներ է ունենալու, տնտեսությունը կործանվելու է, գյուղատնտեսությունը սնանկանալու է․
«Թուրքիան այսօր ներկրում է Հայաստան տարեկան 300 մլն-ի ապրանք, մենք արտահանում ենք 3 մլն նույն ճանապարհներով։ Ինչպե՞ս եղավ, որ նրանք 100 անգամ ավելի են կարողանում, որովհետև նրանք ապրանք ունեն։ Անվտանգության հարցն էլ կարևոր է և միակողմանի չի լուծվում, եթե մենք ուզում ենք նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ, չի նշանակում, որ նրանք ուզում են», - նշեց Արա Պապյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ունի հստակ դիրքորոշում՝ Հայաստանին խեղճ վիճակում պահել և պարտադրել իրենցը։ Ճանապարհների ապաշրջափակումն էլ Հայաստանից նոր զիջումներ կորզելու միտումներ ունի․
«Մեզ կփրկի միայն մեծ ու հզոր Հայաստանը։ Հայաստանը կա՛մ կլինի մեծ ու հզոր, կա՛մ չի լինի»։