Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ապշելու էր, որ դատախազները վախեցան ներկայանալ նիստին․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)

«Այն դատախազները, որ միշտ խրոխտ ձայնով գալիս, ներկայանում էին դատական նիստերի, նույնիսկ ասում էին, որ իրենք ոչ թե օգտագործվող են, այլ օգտագործող, այսօր նույնիսկ դատական նիստի չներկայացան։ Ամբողջ դատախազությունից գեթ մեկ դատախազ չներկայացավ։ Սա ինձ համար ապշելու երևույթ էր։ Դա պայմանավորված էր մի պարզ պատճառով, որ վախեցան գալ, ներկայանալ նիստին»,  - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստից հետո ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի դեպքում արդեն իսկ քրեական հետապնդումը ապօրինի է, որովհետև ՀՀ Քրեական օրենսգրքում չկա 300․1 հոդվածը․«Այն, ինչ այսօր այստեղ տեսաք, իրավաբանություն չէր»։

Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ հետաձգված և ապրիլի 3-ին նշանակված նիստը նույնպես հետաձգվի, Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ դատախազությունից ամեն ինչ սպասելի է, հնարավոր է այդ օրն էլ ասեն՝ Եվրոպական դատարանի նախադեպ են տեսել, ուզում են ուսումնասիրել։

ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածով մեղադրանք առաջադրելիս, Վարդևանյանի խոսքով, իրավաբանները գիտեին, որ հոդվածի հետ կապված խնդիրներ կան։

«Այդ խնդրի մասին դեռ 2009 թվականին Դավիթ Հարությունյանն էր հայտարարել՝ հենց օրենքի նախագծի հեղինակը։ 300․1 հոդվածը խայտառակ հոդված էր, բայց նաև վաղեմության ժամկետի խնդիր չէր առաջացնում այդ պահին, դրա համար ընտրել էին հենց այդ հոդվածը», - ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը: ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգի տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։