Փաշինյանի հրաժարականից հետո ամեն ինչ անելու ենք, որ նա չլինի ժամանակավոր պաշտոնակատար. Սաղաթելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԴեմիրճյան փողոցում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը։ Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նույն օրակարգով շարունակելու են պայքարը․
«Մեր առաջիկա գործողությունները բաժանվելու են երեք պայմանական փուլերի․ առաջինը՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարական, այսինքն, եթե իրականություն դառնա ընտրություն նշանակելու հանգամանքը, ապա վարչապետը պետք է հրաժարական տա, այսինքն, իր հեռացման պահանջը պետք է ամբողջացնենք և մարզերի բնակչության հետ աշխատենք, հրաժարականից հետո 14 օրերի ընթացքում ամեն ինչ պետք է անենք, որ դե յուրե հրաժարականը դառնա դե ֆակտո, եթե այդ փուլում մեր նպատակին չհասնենք, գալու է ընտրական փուլը և այդ ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն կորոշի մասնակցելու է, թե ոչ»։
Ըստ Սաղաթելյանի, հունիսի 20-ի ընտրությունները պետք է դիտարկվեն՝ հայրենիքը փրկելու, դավաճանին հեռացնելու ընտրական միջոց։
Արդյո՞ք ՀՅԴ-ն կհամագործակցի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Սաղաթելյանն ասաց, որ քննարկումներ դեռ չունեն․
«Մենք ունենք բոլոր հիմքերը կասկածելու, որ ընտրություններ հնարավոր է չլինեն, նոր ալիք է բարձրանալու ավելի հեշտ և արագ ենք հեռացնելու այս իշխանությանը»։
Սաղաթելյանի խոսքով՝ ընտրությունների նշանակումը շարժման պահանջներից մեկի բավարարումն է, բայց խոսքը գնում է պահանջի մի փոքր մասի մասին, հետևաբար իրենք պայքարը շարունակում են․
«Եթե չլիներ այս շարժումը, այս պայքարը, հիմա խոսելու էինք Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց Ձորի նոր կորցրած տարածքների մասին, մենք չենք կարողացել ազատվել գլխավոր ուռուցքից, բայց կարողացել ենք զսպել ուռուցքի տարածումը»։
Ընդդիմության ներկայացուցիչը նշեց՝ Բաղրամյանի բացելը մարտավարական քայլ էր։
Սաղաթելյանն անդրադարձավ նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդմանը, թե Թուրքիայի հետ մեր հարաբերություններում մոտեցումները պետք է շտկենք․
«Հայաստանում իշխանության են եկել մի խումբ մարդիկ, ովքեր սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, ովքեր պլանավորված հանձնեցին Արցախը, հիմա ամեն ինչ անում են, որպեսզի ուրանան ցեղասպանությունը, հրաժարվեն հայոց պահանջատիրությունից, ուրանան զինվորների արյունը և կեղծ խաղաղասիրական կոչերով բնաջնջեն մեր երկիրը»,-կարծում է Իշխան Սաղաթելյանը։
Վերջինս պնդեց՝ Սփյուռքից Գրիգորյանի այս հայտարարությանը շատ կոշտ արձագանք կլինի։