Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հոդվածը համարվեց հակասահմանադրական (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը  ՀՀ Քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը համարեց ՀՀ Սահմանադրության  78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝  հրապարակելով որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա։ 

 ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտնեց, որ  որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։ Նա նաեւ տեղեկացրեց, որ դատավորներից Ե․ Խունդկարյանը հայտնել է հատուկ կարծիք։

  Սահմանադրության 78-րդ հոդվածը (Համաչափության սկզբունքը) սահմանում է, որ  «հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»։

79-րդ հոդվածի  (Որոշակիության սկզբունքը) համաձայն էլ՝ «հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:

ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ հարցը Սահմանադրական դատարանը քննել էր  մարտի 23-ին գրավոր ընթացակարգով եւ մտել խորհրդակցական սենյակ։

Հիշեցնենք, որ սա   այն հոդվածն է, որով Ռոբերտ Քոչարյանը  «Մարտի մեկի» գործով մեղադրվում է  սահմանադրական կարգը տապալելու համար։