Վազգեն Մանուկյանի գործով դատավորը հայտնի է
Աջակցիր «Ա1+»-ին«Հայրենիքի փրկության շարժման» թեկնածու Վազգեն Մանուկյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։
Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու եւ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու մեջ։
Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ իր ելույթում հայտարարել էր․
«Ցանկացած պահ, դա կլինի այսօր, դա կարող է լինել մեկ շաբաթ հետո, կարող է լինել 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»:
Սա նախաքննական մարմինը որակեց որպես իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչ: Նման կոչ նաև Քննչական կոմիտեն փետրվարի 12-ին եւ փետրվարի 26-ին է արձանագրել։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ։ Նրա նկատմամբ ստորագրությունն է ընտրվել որպես խափանման միջոց։