«Պետք է խուսափել շոուներից»․ արդյո՞ք կկայանա Արմեն Սարգսյանի առաջարկած հանդիպումը քաղաքական ուժերի միջև
Աջակցիր «Ա1+»-ինԱրդյոք վաղը՝ մարտի 13-ին, կկայանա՞ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկած հանդիպումը ՀՀ վարչապետի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների միջև, դեռևս հայտնի չէ։
«Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցություններն արդեն պատրաստակամություն հայտնել են մասնակցել հանդիպմանը և քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։
«Հայրենիքի փրկության շարժումն»՝ ի դեմս համակարգող Իշխան Սաղաթելյանի, երեկ հայտարարեց՝ հայտնում են նշված ձևաչափով և իրենց առաջարկած օրակարգով քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու պատրաստակամություն, սակայն հանդիպումները պետք է անցկացվեն առաջնային մանդատով օժտված ՀՀ Ազգային ժողովում՝ հրապարակային, ուղիղ հեռարձակմամբ։
«Ա1+»-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք խմբակցությունում քննարկվել է ընդդիմության առաջարկը։ Պապոյանն ասաց՝ առաջարկն իրենց ուղղված չեն համարում, հանդիպման առաջարկ արել է նախագահը, հետևաբար՝ ընդդիմության առաջարկը ուղղված է նրան։
Մեր հստակեցնող հարցին՝ հնարավոր համարո՞ւմ են ԱԺ-ում ուղիղ հեռարձակմամբ նման քննարկում կազմակերպելը, Պապոյանն արձագանքեց․
«Պետք է խուսափել շոուներից, եթե բովանդակային քննարկելու բան կա, մենք երբևէ չենք խուսափել ուղիղ եթերներից, բայց շոուներից պետք է խուսափել»,-եզրափակեց նա։
Արդյո՞ք խորհրդարանական երրորդ ուժի՝ ԲՀԿ-ի ղեկավարը պատրաստ է հանդիպման, կամ արդյո՞ք ԲՀԿ-ն կիսում է ՀՓՇ-ի հայտարարությունը, պատգամավորների հետ կապվել և պարզել չհաջողվեց։
Ինչ վերաբերում է հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցելու հարցին, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը չմեկնաբանեց, հորդորեց սպասել մինչ օրվա ավարտ։
Նախագահի աշխատակազմից ևս հորդորեցին սպասել, ըստ նրանց՝ հանդիպման վերաբերյալ որոշ ժամանակ անց կլինի հայտարարություն։
Ովքե՞ր են համաձայնել հանդիպմանը, ի՞նչ արձագանքներ են ստացել, Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը չհստակեցրեց։
Հիշեցենք՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի քննարկման և ճգնաժամը հաղթահարելուն ուղղված փոխընդունելի լուծումներ գտնելու նպատակով ՀՀ վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և Հայրենիքի փրկության շարժման ղեկավարներին մարտի 13-ին, ժամը 12:00-ին հրավիրել է հանդիպման նախագահական նստավայրում: