Վարչական ռեսուրսի նմանատիպ կիրառում Հայաստանի անկախության պատմության մեջ չի եղել․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց՝ իշխանությունը երեկվա հանրահավաքին կիրառել է աննախադեպ վարչական ռեսուրս․
«Մարզպետարաններից, թաղապետարաններից, գյուղապետարաններից, հիվանդանոցներից, դպրոցներից, ընդհուպ հոգեբուժարաններից մարդկանց բերման են ենթարկել՝ ի սատարում Նիկոլ Փաշինյանի երեկ կայացած փարթիի»,- հայտարարեց Զոհրաբյանը։
Զոհրաբյանն ասում է՝ վարչական ռեսուրսի նմանատիպ կիրառում Հայաստանի անկախության պատմության մեջ չի եղել․
«Այն, ինչի դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա անում է հարյուրապատիկ ավելի նողկալի ձևով։ Երեկ փարթի էր, այլ ձևակերպում չկա: Այդ դըմփ-դըմփ-հուն և գոռում-գոչյունները շոու էր, փարթի, որևէ այլ գնահատական չեմ կարող տալ։ Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, ես համարում եմ անարգում Արցախի հասցեին, ես համարում եմ անարգում զոհված մեր 5000 և ավելի պայծառ տղաների հասցեին, մեր գերեվարված տղաների հասցեին։ Երեկ մենք ականտեսն էինք Ալիևի հաղթական պառադի հայաստանյան գրասենյակի շարունակությանը»։
Զոհրաբյանը պնդեց՝ ստացել է բազմաթիվ զանգեր, նամակներ, որտեղ մարդիկ ասել են, թե իրենց ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։
Զոհրաբյանն անդրադարձավ նաև հանրաքվե անցկացնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշեց՝ նույն Նիկոլ Փաշինյանը, ով կիսանախագահական համակարգը համարում էր ձախողված, այսօր տարբեր եղանակներով փորձում է պահել իր իշխանությունը․
«Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ անցկացնել ոչ անկախ և ազատ հանարքվե, ոչ անկախ և ազատ ընտրություն, նա պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը կարողանա անցկացնել անկախ և ազատ ընտրություն»։
Զոհրաբյանի համոզմամբ՝ Փաշինյանն Արցախը հանձնեց թուրքերին, հիմա փորձում է շրջանը փակել, փորձում է տրանսֆորմացնել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումները և ուզում է Ռուսաստանը դուրս մղել Հայաստանի գեոպոլիտիկ տիրույթից․
«Իրեն իշխանության բերած արտաքին ուժերի հրահանգով նա փորձում է Հայաստանը «հրել» դեպի Արևմուտք: Մեր տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունը նշանակում է Թուրքիայի անմիջական ներկայություն», - ասաց ԲՀԿ պատգամավորը: