ՌԴ Պետդումայից արձագանքել են «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությանը
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Զավարզինը Նիկոլ Փաշինյանին մեղադրել է ստախոսության համար` «Իսկանդեր» համալիրների անարդյունավետության մասին վերջինիս հայտարարությունից հետո, գրում է Lenta.ru-ն։
««Իսկանդեր»-ը մեզ մոտ շատ բարձր ճշգրտության զենք է: Այն բազմիցս արդեն իրեն դրսևորել է տարբեր զորավարժություններում: Դա (Փաշինյանի խոսքը) պարզապես բացարձակ սուտ է և անգամ որևէ կասկածի ենթակա չէ»,- հայտարարել է նա՝ նշելով, որ այդ հայտարարությամբ Փաշինյանը որոշել է ընդգծել իր անմեղությունը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած հակամարտության արդյունքներում:
«Երբ մարդ ձգտում է, որ մեղավոր չլինի, նա և՛ «Իսկանդեր»-ների մասին մտացածին բաներ կասի, և՛ հայ ժողովրդին մեղավոր կհանի, և՛ զինվորականներին կմեղադրի»,- հավելել է գործիչը:
Նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:
«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,- ասել է նա։