Բացել լրահոսը Փակել լրահոսը
փիղ
A A
Տեսանյութեր Հասարակություն

Կորոնավիրուսի հետեւանքով չիրականացածը թղթի վրա չի մնա․ Երևանի կենդանաբանական այգու նորությունները (տեսանյութ)

Երեւանի կենդանաբանական այգի այցելելու համար պետք չէ սպասել  մայիսի 1-ին։  Այստեղ որոշել են կոտրել կարծրատիպը, որ կենդանաբանական այգին ձմռանը չի աշխատում և բացվում է մայիսին։ Այգին արձակուրդ չունի և կենդանիներին հնարավոր է տեսնել նաև ձմռանը։

Կորոնավիրուսի հետևանքով այգին անցյալ տարի այցելուների համար փակվել էր կարճ ժամանակով՝ երկու ամիս։ Բացօթյա պայմանները թույլ էին տվել աշխատանքներն ավելի շուտ վերսկսել, իհարկե՝ համաճարակային կանոններին հետևելու խիստ պայմանով։

Այցելուների թիվը չնայած 2020 թվականին 2019-ի համեմատությամբ շուրջ 100,000-ով նվազել էր, բայց վերաբացվելուց հետո այգում ակտիվությունը մեծ է եղել:

 «Ունեցանք այցելություններ ու բավականին մեծ թվով, այսինքն որեւէ հետեւանք դա չունեցավ այգու ամառային աշխատանքի համար։ Սակայն չաշխատած ամիսները, այն ամիսները, որ կարող էին լավ արդյունք ցույց տալ կենդանաբանական այգու համար, մենք չաշխատեցինք», - ասաց  Երեւանի  կենդանաբանական այգու Մարդկային ռեսուրսների կառավարիչ Վալյա Մարգարյանը։

Կորոնավիրուսը մեր այգի, բարեբախտաբար, չի մտել։  Բայց կենդանիների անկումից անցած տարի խուսափել չի ստացվել։  Մինչ արտակարգ դրությունը երկու ուղտերից մեկը՝ 20 տարեկան երկսապատ էգը անկել էր։

Պատերազմի ընթացքում էլ այգին աշխատել է և արցախցիների համար մուտքն անվճար է եղել։

Պատերազմի և համավարակի հետևանքով անցյալ տարվա համար նախատեսված շատ ծրագրեր այդպես էլ չիրականացան, բայց բացն այս տարի են փորձելու լրացնել՝ նոր նախագծերի հետ համատեղ․

«Անցյալ տարի, եթե գիտեք, Երեւանի կենդանաբանական այգու 80-ամյակն է լրացել, մենք չկարողացանք նույնիսկ պատվով նշել այդ պատմական միջոցառումը, այս տարի փորձելու ենք կարեւոր շեշտադրումներով եւ հետաքրքիր նախաձեռնություններով, որոնք կրելու են գիտաուսումնական եւ կրթաճանաչողական բնույթ, լրացնել այդ բացը», - ասաց  Այգու Մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Սմբատ Ղահրամանյանը։

Տարվա առաջին ծրագիրն էլ կյանքի կոչվեց օրեր առաջ՝ այգում բացվեց Բունկա փղին նվիրված ցուցասրահը։

Մանրամասները՝ տեսանյութում։